‘Մեծ ֆուտբոլի օր` առանց Հայաստանի’

920

Այսօր Եվրոպայում նորից ֆուտբոլային մեծ օր է. կկայանա 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 25 հանդիպում: Հանդիպումների մի մասը կարելի է համարել հերթապահ, երբ ակնհայտ է ելքը, մի քանի ուշագրավ, մի քանի վճռորոշ եւ մեկ թոփ հանդիպում:

A խումբ
22։00 Խորվաթիա-Ուելս
22։30 Մակեդոնիա-Սերբիա
22։45 Բելգիա-Շոտլանդիա

Ինչպես եւ սպասվում էր, այս խմբում թեժ զարգացումներ են: Ակնհայտ թույլ թիմեր չկան, այնպես որ ցանկացած միավորի համար այստեղ պայքարը գնալու է մինչեւ վերջին վայրկյան: Բելգիայի հավաքականը, ինչպես արդեն նշել էինք, հաստատում է իր հետ կապված կանխատեսումները եւ բավական հզոր է մեկնարկել խմբում: Նախորդ տուրում Սերբիայի ուժեղ հավաքականին ջախջախելուց հետո այսօր նրանք պարզապես պարտավոր են եւս երեք միավոր վաստակել ամուր, բայց ոչ կայուն շոտլանդացիների հետ խաղում:

Սերբիան սայթաքելու իրավունք չունի, նույնը վերաբերում է նաեւ Խորվաթիային:

B խումբ
22։00 Չեխիա-Բուլղարիա
22։45 Իտալիա-Դանիա

Սա մեր «մահվան խումբն» է, որտեղ այս տուրում Հայաստանի հավաքականը չի խաղալու: Հանդիպելու են առայժմ պարտություն չկրած թիմերը: Իտալիացիները Երեւանում լավ ֆուտբոլ ցուցադրեցին, եւ նման խաղով նրանք պետք է որ հաղթեն նաեւ դանիացիներին, չնայած Դանիայի հավաքականը, իհարկե, կարող է եւ անակնկալ մատուցել:

Չեխիա – Բուլղարիա խաղում դժվար է նախապատվությունը տալ կողմերից որեւէ մեկին: Բուլղարիան արդեն հասցրել է ապացուցել, որ կարող է եւ Իտալիայի նյարդերը քայքայել, եւ 10 հոգով դանիացիներին չպարտվել: Բացառված չէ գոլազուրկ ոչ-ոքին:

C խումբ
22։00 Ֆարերյան կղզիներ-Իռլանդիա
22։45 Ավստրիա-Ղազախստան
22։45 Գերմանիա-Շվեդիա

Գերմանացիները նախորդ խաղում Իռլանդիայում տանտերերին նվաստացնելուց հետո բարձր տրամադրությամբ ընդունում են իրենց միակ լուրջ ախոյանին` շվեդներին: Սա խմբի վճռորոշ հանդիպումն է: Շվեդիայի առաջատարը` Իբրահիմովիչը, իհարկե համաշխարհային աստղ է, կարող է ակրոբատիկ ինչ-որ հնարքով անակնկալի բերել նաեւ Նոյերին, բայց գերմանական մեքենայի դեմ դա բավարար չէ: Չնայած շվեդները վաղուց հայտնի են իրենց կամային հատկանիշներով: Գեղեցիկ ֆուտբոլ է սպասվում:

D խումբ
21։00 Անդորրա-Էստոնիա
22։00 Ռումինիա-Հոլանդիա
22։30 Հունգարիա-Թուրքիա

Հակառակ կանխատեսումների, ոչ թե Թուրքիայի, այլ Ռումինիայի հավաքականն է առայժմ խմբում համարվում հոլանդացիների գլխավոր մրցակիցը: Երեք խաղ, երեք հաղթանակ, այդ թվում` թուրքերի նկատմամբ: Այսօր վերջապես կտեսնենք, թե ինչ է ներկայացնում իրենից այս թիմը, որը քննություն է հանձելու հենց հոլանդացիներին: Հանդիպման բացահայտ ֆավորիտը Հոլանդիան է, բայց հուսանք, որ ռումինացիները կկարողանան արժանի մրցակից լինել աշխարհի փոխչեմպիոններին:

E խումբ
22։00 Կիպրոս-Նորվեգիա
22։30 Իսլանդիա-Շվեյցարիա
22։45 Ալբանիա-Սլովենիա

Այս խմբում հանդիպելու են առաջատարները`Շվեյցարիան եւ… Իսլանդիան: Ավելի լավ է, չշարունակենք:

F խումբ
19։00 Ռուսաստան-Ադրբեջան
20։00 Իսրայել-Լյուքսեմբուրգ
23։45 Պորտուգալիա-Հյուսիսային Իռլանդիա

Պորտուգալիան նախորդ խաղում ռուսներից կրած պարտությունից հետո վիրավոր գազանի պես փորձելու է ողջ զայրույթը թափել հյուսիսիռլանդացիների վրա: Ռոնալդուն էլ ապացուցելու ինչ որ բաներ ունի: Ռուսաստանում այժմ էյֆորիա է. այնտեղ միայն մտածում են, թե քանի գոլ են խփելու ռուսները Ադրբեջանին:

G խումբ
21։00 Լատվիա-Լիխտեյնշտեյն
22։00 Բոսնիա-Հերցեգովինա-Լիտվա
22։30 Սլովակիա-Հունաստան

Հաշվի առնելով, որ ձուկ չեղած տեղը խեցգետինն էլ է ձուկ, ապա այս խմբում ստիպված ենք ուշագրավ եւ կարեւոր համարել Սլովակիայում կայանալիք հանդիպումը:

H խումբ
22։00 Ուկրաինա-Մոնտենեգրո
22։30 Սան-Մարինո-Մոլդովա
23։00 Լեհաստան-Անգլիա

Բավական էր, որ Ուկրաինայի հավաքականը կորցներ իր հաջողոթյունների գլխավոր ճարտարապետին` մարզիչ Օլեգ Բլոխինին, անմիջապես տեղի ունեցավ միավորների կորուստ` Մոլդովայի հետ վերջին խաղում: Այսօր նրանք պարտավոր են տանը հաղթել ամուր Չեռնոգորիային, մանավանդ, որ հայտնի է դարձել, որ Բլոխինը հիվանդանոցից հեռուստացույցով դիտելու է խաղը: Այս լուրը լրացուցիչ լիցք կհաղորդի ուկրաինացիներին:

Բայց խմբի կարեւորագույն հանդիպումը կկայանա Լեհաստանում: Վստահաբար, դրամատիկ խաղ է սպասվում: Լեհաստանի «դորտմունդյան» եռյակը` Լեւանդովսկի, Բլաշչիկովսկի եւ Պիշչեկ, այժմ հիանալի մարզավիճակում է գտնվում: Անգլիացիները կորցրել են Ուոլքոթին, բայց կարեւորը դարպասապահ Ջո Հարթն է, որի հաշվով «դորտմունդյան» եռյակը շատ ծանր, տհաճ եւ թարմ հիշողություններ ունի` կապված Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթի» — «Բորուսիա» հանդիպման հետ:

I խումբ
20։00 Բելառուս-Վրաստան
23։00 Իսպանիա-Ֆրանսիա

Խաղային օրվա զարդը կկայանա այս խմբում: Ամենա-ամենան ընդունելու է Ֆրանսիայի հավաքականին: Իհարկե, խիստ կասկածելի է, որ Դիդյե Դեշամի սաները կկարողանան հավասար պայքար մղել Դել Բոսկեի թիմի հետ, որ բելառուսների հետ նախորդ խաղում ուսումնամարզական ոճով հիանալի հաղթանակ տարավ` առանց Տորեսի, Մատայի եւ ես մեկ դյուժին աստղերի: Բայց ֆրանսիացիների առաջատար հարձակվող Բենզեման խոստացել է, որ ամեն ինչ անելու են հաղթանակի համար: Խմբի նախորդ խաղերում դա ստացվել էր: Բայց իսպանացիները վաղուց չգիտեն, թե ինչ բան է պարտությունը, եւ այդ չիմացությունը դեռ շատ երկար կարող է տեւել:

Նախորդ հոդվածը‘Հմայակ Հովհաննիսյան. Արևմունտքի նախընտրելի թեկնածուն Օսկանյանն է ‘
Հաջորդ հոդվածը‘Այսօր նախատեսված է Օբամայի և Ռոմնիի երկրորդ հեռուստաբանավեճը’