‘Մեկնարկել է Էդվարդ Նալբանդյանի այցը Գերմանիա’

1111

Մարտի 13-ին Բունդեսթագում ներկայացված տարբեր կուսակցությունների պատգամավորների հետ հանդիպումով մեկնարկեց ԱԳ Նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Բեռլին։

Նախարար Նալբանդյանը, գոհունակություն հայտնելով Հայաստանի և Գերմանիայի միջև հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ, հատկապես կարևորեց երկու երկրների խորհրդարանների միջև առկա սերտ համագործակցությունը՝ օրենսդիր մարմինների ղեկավարների փոխայցելությունները, միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը, փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում։

Տեղի ունեցավ մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։ Էդվարդ Նալբանդյանը մանրամասն ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

Այնուհետև Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ կանցլեր Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղիները, միջազգային և տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ:

Նույն օրը երեկոյան ՀՀ արտգործնախարարը հյուրընկալվեց Գերմանիայի Արտաքին քաղաքականության խորհրդում, որտեղ հանդես եկավ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով, պատասխանեց ներկա ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների, դիվանագետների, քաղաքագետների և լրագրողների բազմաթիվ հարցերին, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ մարտի 14-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Սիրո պաշտամունք ունեցող վարպետը’