‘Մեկնարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը (ֆոտոշարք)’

1453

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբները լինելու են շարժական՝ միկրոավտոբուսների տեսքով: Քարոզարշավի ընթացքում դրանք շրջելու են ինչպես Երևանի համայքներում, այնպես էլ Հայաստանի մարզերում: Մի քանի նման միկրոավտոբուսներ այսօր կանգնած են եղել Երևանի կենտրոնում՝ Արամ Խաչատրյանի արձանի մոտ, որտեղից էլ մեկնարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական քարոզարշավը:

Վերջինիս հետ հանդիպմանը մասնակցող քաղաքացիները, որոնք հիմնականում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներն էին, կրում էին «Րաֆֆի նախագահ» կարգախոսով նարնջագույն շարֆեր, հաղորդում է epress.am կայքը:

Իր ելույթի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ ամեն ինչ շատ լավ է,  որովհետև «միասին գտնվում ենք պայքարի հերթական և արտահերթ հանգրվանում»:

«Առանց այսօրվա վաղը չի գալու, և մենք միասին կանգնած ենք մեծ պայքարի նախաշեմին: ՀՀ իշխանությունը մեր և մեր համաքաղաքացիների պայքարով վերադարձնելու ենք Հայաստանի ժողովրդին: Այստեղ կարելի է ծափ տալ, հա»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը, որից հետո ներկաները սկսել են ծափահարել:

Այնուհետև նա նշել է, որ հավաքատեղիում ամեն ինչ բնական է, անմիջական ու  առանց գրված ճառերի:

«Այս պայքարը դա հայ ժողովրդի պայքարն է այսօրվա և վաղվա միջև, ստվերի և լույսի, զոհողության և իրավունքի, նախագահի բարձր հովանու և սահմադրական մեր օրենքի միջև: Երբեք Սերժի և Րաֆֆիի, կամ որևէ այլ հարգելի մրցակցի միջև, այլ պայքար է գնալու Հայաստանի ժողովրդի և իշխանության միջև, և 21 տարվա ընթացքում առաջին անգամ մեր պայքարով մենք ունենալու ենք դե յուրե նոր Հայաստանի հանրապետության նախագահություն»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նախորդ հոդվածը‘Մտորումներ Սերժ Սարգսյանի կայքի մասին’
Հաջորդ հոդվածը‘Սիրուն չի, ընկեր Մուկուչյան’