‘Մեկնարկեց աշնանային զորակոչը’

874

Այս տարվա աշնանային զորակոչը մեկնարկեց այսօր` նոյեմբերի 19-ին: Սարդարապատի հուշահամալիրի տարածքում տեղի ունեցավ Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը: Նորակոչիկներին ողջունեց եւ բարի ծառայություն մաղթեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:«Արմենպրես»-ի այն հարցին, թե տարեցտարի նորակոչիկների շրջանում տրամադրության եւ տրամադրվածության ինչպիսի՞ փոփոխություն է նկատվում` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ ինքն իր սերնդակիցների կողմից կարող է ասել, որ հպարտ է, քանի որ եւ այսօրվա նորակոչիկները, եւ արդեն ծառայության մեջ գտնվողները պատրաստ են մեր հայրենիքը պաշտպանելու:

«Մենք ոչ մի մտավախություն չունենք` եւ մարտական ոգով, եւ ստորաբաժանումներում տիրող բարոյահոգեբանական մակարդակով նոր սերունդը ոչնչով չի զիջելու մեր սերնդակիցներին, եթե անհրաժեշտություն լինի, ապա ավելի լավ են պաշտպանելու,իհարկե, մեր անցած փորձի հիման վրա եւ անմիջական աջակցությամբ»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարը ցանկություն հայտնեց, որ այսօրվա իրականության մեջ` եւ բանակում, եւ հասարակության մեջ գերակայեր փոխադարձ հանդուրժողականությունը, սերը մեկը մյուսի նկատմամբ, վստահությունը, զիջելու ունակությունը: «Իհարկե, հասկանում ենք, որ երիտասարդների մեջ ըմբոստ ոգին, երիտասարդական ավյունը խանգարիչ հանգամանք են այս ամենի համար, սակայն, ովքեր ճանապարհ են անցել, գիտեն, որ բռունցքներով հարցը լուծելու փոխարեն` փոխադարձ հասկացության մթնոլորտում ամեն ինչ ավելի հեշտ է լուծել»,- ասաց նախարարը:

Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանը նշեց, որ զորակոչիկների համար այսօրվանից սկսում է նոր կյանք, որը խիստ տարբերվում է մինչ այս ունեցած կյանքից: «Մնում է Ձեզ սրբորեն կատարել հայրենիքի առջեւ ունեցած պարտքը, թողնել վատ սովորությունները եւ լինել համբերատար, սիրել իրար եղբայրական սիրով»,- ասաց հոգեւորական` զորակոչիկներին մաղթելով բարի երթ, իսկ ծնողներին` համբերություն:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նորակոչիկներին կոչ արեց բարձր պահել մարզի պատիվն ու հեղինակությունը:

Նախորդ հոդվածը‘Գերմանական երկրամասը մերժել է ընդունել «Պետերբուրգյան երկխոսությունը»’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է խորհրդարան ‘