‘Մեկնարկեց «Տաթևի վերածնունդ» ծրագիրը ‘

1062

Տաթևի վանական համալիրում և շրջակա տարածքներում ենթակառուցվածքների զարգացմանը, զբոսաշրջության  խթանմանը և  նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված «Տաթևի վերածնունդ» ծրագիրը հանդիսավորությամբ մեկնարկեց հոկտեմբերի 14-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Արման Խաչատուրյանը կարևորեց ծրագրի անցկացումը` այն համարելով տարածաշրջանը զբոսաշրջային կենտրոնի վերածմանն ուղղված դրական քայլ: «Տաթևի վերածնունդ» ծրագիրը եզակի օրինակ է, թե ինչպես կարելի  է համակցել հոգևոր և մշակութային ժաոանգության պահպանումը,  հոգևոր զարթոնքի խթանումը և մարդկային կայուն զարգացումը»,- ասաց նա: Խաչատուրյանի խոսքով` Տաթև գյուղական համայնքի զարգացման ռազմավարությունը հիմնված է զբոսաշրջային ներուժի բացահայտման և արդյունավետ օգտագործման վրա:

 ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հռիփսիմե Մանուկյանի խոսքով՝  ծրագրի թիվ մեկ խնդիրը համայնքի զարգացումն է:  «Համայնքը չի կարող զարգանալ առանց համայնքի բնակչի զարգացման: Այն մարդը, ով ապրում է  Տաթևում, պետք է ինքն իրեն բարեկեցիկ զգա», — ասաց նա:

 Տաթևի գյուղապետ Մուրադ Սիմոնյանը նշեց, որ  «Տաթևի վերածնունդ»  ծրագրի իրականացումը կնպաստի գյուղից հեռացածների վերադարձին և կխթանի զբոսաշրջիկների հոսքը տարածաշրջան:  «Կարծում եմ, երեք տարվա ընթացքում ներգաղթ կլինի: Երիտասարդները, ովքեր արտերկրում են,  կվերադառնան իրենց հայրենի օջախը շենացնելու»,- ասաց նա: Տաթևի վանահայր Միքայել աբեղա Գեւորգյանն օրհնեց ծրագիրը և հաջողություն մաղթեց դրա իրականացմանը:

«Տաթևի վերածնունդ»  ծրագիրն ուղղված է պատմամշակութային ժառանգության վերականգնման,  զբոսաշրջության խթանման և համայնքային զարգացմանը, այն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի առաքելության առանցքային ուղղություններից է:

 Ծրագիրն ուղղված է ապահովելու 9-րդ դարի Տաթևի վանական համալիրի և հարակից տարածքների վերականգնումը,  զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծումը`  տարածաշրջանի համալիր զարգացման համար նոր հիմքերի կայացման հեռանկարով:  Ծրագրի թիրախում են նաև Տաթևի վանքի շուրջ գտնվող ութ գյուղական համայնքները՝  Տաթևը, Հալիձորը,  Տանձաթափը,  Սվարանցը,  Խոտը, Շինուհայրը,  Բարձրավանը  և  Աղվանին:

 Տաթևի վերածնունդ ծրագրի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է,  որ  ծրագիրը պետական և մասնավոր ոլորտների գործընկերության հաջողված և օրինակելի ձևաչափ է,  որը ներգրավում  է կառավարությանը, եկեղեցուն, գործարար համայնքի ներկայացուցիչներին և անհատ բարեգործներին:

Նախորդ հոդվածը‘Չավի. Մոուրինյոյի «Ռեալը» պատմության մեջ չի մտնի’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ ‘