‘Մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը’

1039

Ստրասբուրգում հունիսի 24-ին կմեկնարկի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը, որը կտեւի մինչեւ հունիսի 28-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես» պետական գործակալությունը, ԵԽԽՎ նախարարների կոմիտեի նախագահության շրջանակում ԵԽԽՎ լիագումար նիստում այսօր ելույթ կունենա ՀՀ արտաքին գործերի նախարար, ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ Էդուարդ Նալբանդյանը:

Ամառային նստաշրջանի ընթացքում շարունակվելու են քննարկումները «Անկարգությունները Շվեյցարիայում. եվրոպական իմիգրացիոն քաղաքականությունը ուշադրության կենտրոնում» թեմայի շրջանակում: Շտապ բանավեճ-քննարկումներ են ընթանալու «Իրանում կրոնական հետապնդումները», «Վրաստանում իրավիճակի վատթարացումը» և «Թուրքիայում ժողովրդական բողոքը և Ասամբլեայի, զանգվածային լրատվամիջոցների և խոսքի ազատության խնդիրները» թեմաներով:

Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնել է մայիսի 16-ին Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների 123-րդ նիստի ընթացքում:

Իր հերթին՝ «Փաստինֆո» գործակալությունը տեղեկացնում է, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի առաջին օրը՝ հունիսի 24-ին, ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում ուղերձով հանդես կգա ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա կպատասխանի նաև ԵԽԽՎ պատվիրակների հարցերին:

Հունիսի 24-ից 28-ը կայանալիք լիագումար նիստերի օրակարգում Հայաստանին անմիջականորեն վերաբերող հարցի քննարկում նախատեսված չէ:

Ըստ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դ.Հարությունյանի՝ նստաշրջանում քննարկվելիք զեկույցներից մի քանիսում Հայաստանը, ի թիվս ԵԽ անդամ այլ երկրների, հիշատակվում է:

Հայկական պատվիրակության ղեկավարը հայտնել է նաև, որ նստաշրջանի օրերին նախատեսվում է հայկական և ադրբեջանական պատվիրակությունների հանդիպումը: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել ԵԽԽՎ նախագահը, և, ըստ Դ.Հարությունյանի՝ հայկական կողմն ընդունել է հրավերը: Ի դեպ՝ հայկական պատվիրակությունն այս նստաշրջանին կմասնակցի ամբողջ կազմով:

Նախատեսվում է նաև, որ Մոնիտորինգի հանձնաժողովը կնշանակի Հայաստանի հարցով նոր համազեկուցողի: Նա կփոխարինի Ջոն Պրեսկոտին՝ համազեկուցողի լիազորությունների ժամկետը լրանալու կապակցությամբ: Ըստ հայկական պատվիրակության ղեկավարի՝ թեկնածուներ կան, սակայն որոշումը պետք է կայացնի հանձնաժողովը՝ քվեարկությամբ:

Ինչ վերաբերում է «Հայաստանի նախագահությունը Նախարարների կոմիտեում» վերտառությամբ ԵԽԽՎ կայքէջում տեղադրված փաստաթղթին, որտեղ մեր երկրի հասցեին, մեղմ ասած, ոչ հաճելի արտահայտություններ կան՝ «ագրեսոր պետություն» և այլն, ապա՝ «Այդ պատգամավորները հայտնի են իրենց ադրբեջանամետ պահվածքով: Որևէ մեկի մոտ դա հարց չի առաջացնում, և, թերևս այդ պատճառով է, որ անգամ քարտուղարությունն առաջարկում է, որպեսզի Բյուրոն այս փաստաթղթին որևէ ուշադրություն չդարձնի՝ համարելով, որ այն որևէ հետագա քայլ չի պահանջում»:

Դ.Հարությունյանի պարզաբանմամբ՝ փաստաթուղթը ստորագրած Միացյալ Թագավորության, Իսպանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Իռլանդիայի և Լեհաստանի շուրջ երեք տասնյակ ԵԽԽՎ պատվիրակների կողմից եղել է առաջարկություն, որպեսզի հարցը դառնա քննարկման առարկա, ուղարկվի հանձնաժողով, հետագայում պատրաստվի զեկույց և այլն: Սակայն դրան ընթացք չի տրվելու, ինչից հետևում է, որ այն ունենալու է «մաքուր թղթի» կարգավիճակ:

Նախորդ հոդվածը‘Գալուստ Սահակյանը բացահայտում է, թե հանուն ինչի պետք է վաճառել Հայաստանի բաժնեմասը’
Հաջորդ հոդվածը‘Գյուղացիները բողոքում են. «Սպայկան» ուզում ա գողանա տանի մեր ծիրանը (լուսանկարներ)’