‘Մեկնարկում է «Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» մրցաշարը’

1002

Դեկտեմբերի 3-ին` հաշմանդամների միջազգային օրը կմեկնարկի «Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» ֆուտզալի 6-րդ մրցաշարը, որը նախատեսված է զանգվածային լրատվամիջոցների թիմերի համար: Մրցաշարի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարը քարոզելն է:
Նախաձեռնությունն իրականացնում են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները` ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ. բոլորը խաղերն անշահախնդրորեն սպասարկում են բարձրակարգ մրցավարները: Ֆինանսական աջակցությունը` Դանիայի միջազգային զարգացման գործակալության: Մրցաշարը կանցկացվի «Միկա» մարզահամալիրում:

Այս տարի մրցաշարին կմասնակցեն հետեւյալ լրատվական թիմերը՝ Epress.am, News.am, Starsbyart.com, Մարզաշխարհ օրաթերթ, Արևածաղիկ ամսաթերթ, Մեդիամաքս, Մոծակ.am և ԵԱԴ (Երիտասարդ առաջնորդների դպրոց), Xsport.am, iLur.am, Mamul.am, Չորրորդ իշխանություն, Արտասահմանյան թղթակիցների ասոցացիա, eMedia.am:

Մրցաշարին այս տարի ավելի մեծ թվով հայտեր էին ներկայացվել, քան նախորդ տարիների ընթացքում, սակայն մենք նախապատվությունը տվել ենք այն թիմերին, որոնց լրատվամիջոցներն առավել ակտիվ են եղել հաշմանդամության խնդիրը լուսաբանելու գործում: Հայաստանում ապրում է հաշմանդամություն ունեցող ավելի քան 180.000 մարդ, ովքեր զրկված են հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու հնարավորությունից: Պատճառներից մեկը հասարակության անտեղյակությունն է խնդրին:

«Հույսի կամուրջ» կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր հայտ են ներկայացրել «ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների», ֆուտզալի 6-րդ մրցաշարին մասնակցելու համար:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ու Տարոն Մարգարյանը իրենց խոստումը չեն կատարում’
Հաջորդ հոդվածը‘Ի՞նչ ունի անելու Լոնդոնում Բենիտեսը’