‘Մեկ հայ և մեկ Ադրբեջանի նախկին քաղաքացի՝ ԱՄՆ-Ռուսաստան լրտեսական սկանդալի հերոսներ’

1057

Մոտ օրերս Ամերիկայի Հյուսթոն քաղաքի դատարանը կհրապարակի Ռուսաստանին գաղտնի տեղեկատվություն փոխանցելու մեջ կասկածվող ՌԴ քաղաքացիների նախնական կալանքը երկարացնելու որոշումը, գրում է Los Angeles Times պարբերականը:

Նախօրեին, ՀԴԲ-ի (FBI) փոխանցմամբ, Բրուկլին թաղամասի դատախազությունը անօրինական ճանապարհով Ռուսաստանին ռազմական տեխնոլոգիաներ փոխանցելու մեղադրանք է ներկայացրել 11 կասկածյալների, որոնցից 8-ը ձերբակալվել են Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում: Բրուկլինի դատախազ Լորետա Լինչի հայտարարության մեջ ասվում է, որ գործով անցնողները մեղադրվում են միկրոէլեկտրոնային սարքերի արտահանման մեջ, որոնք  պետական խիստ հսկողության ներքո են գտնվում, քանի որ կարող են օգտագործվել միշարք  ռազմական համակարգերում:

Փաստաթղթում շեշտվում է, որ ամենայն հավանականությամբ՝ միկրոէլեկտրոնիկան փոխանցվել է Ռուսաստանի ռազմահետախուզական ծառայություններին: Ձերբակալվածներից մեկը ամերիկյան Arc Electronics և Ռուսաստանում գրանցված Apex System-ի ղեկավար Ալեքսանդր Ֆիշենկոն է: Կազմակերպիչների եռյակում են նաև Ալեքսանդր Պոսոբիլովը և Վիկտորյա Կլեբանովան, որոնք կարևոր դիրքեր են զբաղեցրել այդ կազմակերպություններում:

Պոսոբիլովը 2008 թվականին ամերիկյան քաղաքացիություն է ձեռք բերել, իսկ մինչ այդ եղել է Ադրբեջանի քաղաքացի, որտեղ մինչ օրս բնակվում են նրա կինն ու դուստրը:

Տեղեկատվության անօրինական փոխանցման գործով անցնում են նաև Շաքվաթ Աբդուլաևը, Լյուդմիլա Բաղդիկյանը, Անաստասիա Դյատլովան, Սերգեյ Կլինովը, Յուրի Սավինը, Սևին Թագիրան, Սվետլանա Սագոնը և Դմիտրի Շեգուրովը:

Լուսանկարը՝ EPA/ИТАР-ТАСС 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը չի հետևի ԵԽԽՎ-ի հորդորներին’
Հաջորդ հոդվածը‘ԼՂ-ում սուր աղիքային վարակի պատճառով ժամանակավորապես դադարեցվել է «Արցախկաթ»-ի աշխատանքը’