‘«Մեկ ուղեւորափոխադրման արժեքը աշնանը կկազմի 45 դրամ՝ ներառյալ «գծատիրոջ» շահույթը»’

1480

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է Երեւանի քաղաքապետարանում ստեղծվելիք հանձնաժողովի մասին, որը պետք է զբաղվի տրանսպորտի սակագնի հարցով:

Հանձնաժողովում կարող են ընդգրկվել այն շահագրգիռ կողմերը և ՀԿ-ները, որոնք մասնակցել են նախորդ հանձնաժողովի աշխատանքներին:

Բաբկեն Պիպոյանը նշել է, որ 150 դրամ ուղեվարձի սուբսիդավորման մասին խոսք լինել չի կարող, քանի որ անգամ 100 դրամ սակագնի պարագայում տնտեսվարողները գերշահույթ են ստանում:

«Տարոն Մարգարյանը հայտարարում է, որ թանկացումն անխուսափելի էր: Ինձ հետաքրքիր է՝ ինչո՞ւ է անխուսափելի, եթե անգամ ձեր ներկայացրած ծախսերի պարագայում մենք հաշվարկ ենք կատարել եւ ստացել ենք 92 դրամ սակագինը», — նշել է Պիպոյանը՝ ընդգծելով, որ այս հաշվարկին քաղաքապետարանը չի առարկել:

 Նրա խոսքով, անգամ ամառային «պասիվ» այս ժամանակահատվածում էլ ոչ մի «գծատեր» «մինուսով» չի աշխատում, իսկ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մեկ ուղեւորափոխադրման արժեքը կկազմի 45 դրամ՝ ներառյալ շահույթը:  

Նախորդ հոդվածը‘Կապանում ջրամատակարարման հարցով կարող է հանրաքվե անցկացվել’
Հաջորդ հոդվածը‘Նախնական տվյալներով՝ թուրք-սիրիական սահմանին երկու հայ պատանի է առեւանգվել’