‘Մեհրիբան Ալիևային առաջադրել են նախագահի թեկնածու’

2072

Ադրբեջանի նախագահի տիկնոջը՝ Մեհրիբան Ալիևային, առաջադրել են որպես թեկնածու առաջիկա նախագահական ընտրություններում, հաղորդում է Contact.az-ը: Նախաձեռնությունը պատկանում է «Դեմոկրատական Ադրբեջանի աշխարհ» կուսակցությանը: 48-ամյա Մեհրիբան Ալիևան զբաղվում է հասարակական գործունեությամբ: Նա ղեկավարում է Հեյդար Ալիևի հիմնադրամը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանն է, նաև խորհրդարանի պատգամավորի մանդատ ունի:

Haqqin.az կայքը ենթադրում է, թե քանի որ գործող նախագահ Իլհամ Ալիևն արդեն իսկ առաջադրվել է նախագահի թեկնածու, ապա նախագահի տիկնոջը ընտրական գործընթացների մեջ ներգրավելը, ամենայն հավանականությամբ՝ «իշխող թիմի նոր ռազմավարությունն» է: «Հազիվ թե իշխանամետ կուսակցություններից մեկը համարձակվեր առաջադրել առաջին տիկնոջ թեկնածությունը՝ առանց վերևից ստացած հրահանգի»,- կարծիք է հայտնում աղբյուրը:

Նախագահական ընտրություններն Ադրբեջանում նախատեսված են 2013 թ. աշնանը:  Ընդդիմադիր ուժերի միասնական թեկնածուն, ակնկալվում է, կարող է դառնալ դրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովը, իսկ Իլհամ Ալիևն առաջադրվել է երրորդ ժամկետի համար, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Ավելի լավի» փոխարեն՝ նույն աղբն է. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘620 հազար դրամ պետբյուջեից՝ Սերժ Սարգսյանին եւ Գարեգին Բ-ին հյուրասիրելու համար’