‘Մեղրիում ավտոբուսի վթարից տուժածներից մեկը հանձնվել է իրանական կողմին’

1181

Երևան-Մեղրի ավտոճանապարհի 355-րդ կմ-ում` Արևիկ գյուղի մոտ, դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած իրանական ավտոբուսի վթարի հետևանքով բոլոր 26 ուղևորները տեղափոխվել են «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն»: Տեղափոխվածներից մեկը` ԻԻՀ քաղաքացի 1989թ. ծնված Մեհդատթ Սեիդ Նաջաթը, մահացած է եղել: Կենտրոնի տնօրեն Ծաղիկ Վարդանյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ տուժածների մեջ կան և ԻԻՀ, և ՀՀ քաղաքացիներ` Էջմիածին քաղաքից: Իրանի քաղաքացիներից  միայն մեկի վիճակն է եղել ծայրահեղ ծանր, որին գիշերը` ժամը 2-ի մոտ, իրանական կողմի առաջարկով սահմանապահների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենայով հասցվել է սահմանագիծ և հանձնվել նրանց: «Մյուս 24 հիվանդներից 6-ն ունեցել են թեթև մարմնական վնասվածքներ և ստացել են ամբուլատոր բուժսպասարկում, իսկ 19-ը հոսպիտալացվել են և ունեն տարբեր աստիճանի մարմնական վնասվածնքեր: Այս պահի դրությամբ նրանց կյանքին վտանգ չի սպառնում», — ասաց Ծաղիկ Վարդանյանը:

Տուժողներից ստացված տեղեկատվության համաձայն` տրանսպորտային ընկերությունը, որին պատկանում է վթարված ավտոբուսը, խոստացել է մոտ ժամանակներս կազմակերպել իրենց տեղափոխությունը: Իսկ մինչ այդ, վիրավորները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: Ծաղիկ Վարդանյանի խոսքով` հիվանդանոցն ապահովված է անհրաժեշտ դեղամիջոցներով ու սարքավարումներով և տուժողները ստանում են պատշաճ բուժսպասարկում: «Մարզպետարանի առողջապահության վարչությունից առաջարկ է եղել բժիշկների բրիգադ ուղարկել Մեղրի, սակայն դրա անհրաժեշտությունը չի եղել, ամեն ինչ կազմակերպվել է մեր ուժերով` որոշ հարցերով խորհրդակցելով Կապանի և մայրաքաղաքի բժիշկների հետ», — ասաց բժշկուհին:

Դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամը 19-ի սահմաններում. ՍԿԱՆԻԱ մակնշի 39A68910 պետհամարանիշով ԻԻՀ մարդատար ավտոբուսը հավանաբար մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Մեղրի գետը: Մարզի փրկարարների օգնությամբ տուժողները հոսպիտալացվել են հիվանդանոցի բոլոր` չորս շտապօգնության մեքենաներով:

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատը Facebook-ից. Հարութ Ուլոյան. Ես չեմ, ինչ-որ հասարակ ՀՀԿ-ական ա, բա չի՞ ասի`պարոն Սարգսյան, բա օր ու գիշեր «ցուրտ ու մութ» տարիներից եք խոսում’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում դժվարանցանելի ճանապարհներ կան’