‘«Մեղրի» ՀԷԿ-ի շինարարությունը մեկնարկեց ‘

1027

Սյունիքի մարզում` Մեղրիում, նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ Մեղրի ՀԷԿ-ի շինարարության հիմնարկեքի արարողությունը: Միջոցառմանը մասնակցեցին նաեւ Իրանի Իսլամանական Հանրապետության ներկայացուցչական պատվիրակությունը` էներգետիկայի նախարար, Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաջիդ Նամջուի գլխավորությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշեվ, որ Արաքս գետի վրա նախատեսվում է կառուցել երկու ՀԷԿ, հայկական կողմում` «Մեղրի» ՀԷԿ-ը, իրանական կողմում` «Ղարաչիլար» ՀԷԿ-ը: «2009 թվականի ապրիլի 14-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ԻԻՀ կատարած այցի ընթացքում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ ԻԻՀ էներգետիկայի նախարարության միջեւ ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր` «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ֆինանսավորման սխեմայի վերաբերյալ: Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդրումների վերադարձի ողջ ժամանակահատվածում իրանական ներդրողից գնել «Մեղրի» ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ամբողջ ծավալը:

2010 թ-ի հոկտեմբերի 15-ին Երեւանում ՀՀ կառավարության եւ իրանական ներդրող «Թավան ԱբԱրազ» ընկերության միջեւ ստորագրվել է Մեղրի ՀԷԿ-ի «կառուցում-տնօրինում-շահագործում-փոխանցում» հիմունքներով կառուցման թույլտվության պայմանագիրը: Ներդրումային այս ծրագիրը Հայաստանում իրականացվող նմանատիպ առաջին ծրագիրն է: Ըստ թույլտվության պայմանագրի` իրանական ներդրող ընկերությունն ինքնուրույն է լուծելու Մեղրի ՀԷԿ-ի կառուցման եւ շահագործման հետ կապված ֆինանսական միջոցների հայթայթման եւ կազմակերպական բոլոր հարցերը»,- ասաց Արմեն Մովսիսյանը: Շինարարությունը պետք է իրականացվի 5 տարվա ընթացքում, որից հետո 15 տարի Մեղրի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան պետք է տեղափոխվի Իրան` ներդրողի կողմից կառուցվող 230 կՎ լարման էլեկտրահաղորդման գծով: Շահագործման 15-րդ տարվա ավարտին Մեղրի ՀԷԿ-ը պետք է անհատույց փոխանցվի հայկական կողմին: Ընդ որում, համատեղ փորձարկումներով պետք է հիմնավորվի, որ փոխանցման պահին ՀԷԿ-ի էլեկտրամեխանիկական եւ հիդրոմեխանիկքական սարքավորումներն ունեն օգտակար շահագործման առնվազն 30 տարվա ռեսուրս: Մեղրի ՀԷԿ-ի շինարարության տարբեր փուլերում ընդհանուր առմամբ ներգրավված են լինելու շուրջ 2 հազար մասնագետներ եւ բանվորներ: «Իրանական կողմի հետ պայմանավորվածության համաձայն` ինչպես ՀԷԿ-ի շինարարության, այնպես էլ` շահագործման ընթացքում, ներդրող ընկերությունը պետք է հնարավորինս ներգրավի տեղական աշխատուժը»,- ասաց Արմեն Մովսիսյանը:

Իրանի էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաջիդ Նամջուն նշեց, որ ամբողջ աշխարհի բնակչության ավելի քան 40 տոկոսն ապրում է այնպիսի շրջաններում, որտեղից հոսող գետերն անցնում են երկու կամ մի քանի երկրների միջով: Աշխարհում իր ցայտուն դերն ունի ջրային դիվանագիտությունը: Հիդրոէներգետիկ դիվանագիտության կիրառումը հնարավորություն կտա տարածաշրջանում հասնել խաղաղության, կայունության եւ բարեկեցության: «Ջուրը եղել է մեր ժողովուրդներին մշտապես կապող օղակ եւ այդ նպատակով տնտեսական նախագծերի իրականացումը կնպաստի երկու ժողովուրդների բարեկեցության բարձրացմանը»,- ասաց նա` հավելելով, որ Իրանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն հիդրոէներգետիկ ռեսուրսների զարգացման բնագավառում:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների ու ԻԻՀ էներգետիկայի նախարարությունների միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա Արաքս գետի վրա աշխատանքները կատարել է իրանական «Մահաբ-Ղոդս» խորհրդատվական ընկերությունը` Իրանի ջրային եւ էներգետիկ զարգացման ընկերության պատվերով: ՀՀ եւ ԻԻՀ կառավարությունների միջեւ Արաքս սահմանային գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու եւ շահագործելու նպատակով միջկառավարական երկու համաձայնագրերը ստորագրվել են դեռեւս 2007 թ-ին եւ 2008 թ-ին, վավերացվել երկու երկրների խորհրդարանների կողմից: Մեղրի ՀԷԿ-ի շինարարության հետ կապված վերջին հստակեցումները տեղի են ունեցել հոկտեմբերի 24-ին Երեւանում` հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստի ընթացքում: Մեղրի ՀԷԿ-ի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշերը հետեւյալն են. ջրի հաշվարկային ելքը` 160 մ/վ խորանարդ, հաշվարկային հզորությունը` 130 ՄՎտ, էլեկտրական էներգիայի արտադրանքը` 793 մլն կՎտժ տարեկան, թունելի երկարությունը` 18 հազար 200մ, ներքին տրամագիծը` 8.5մ, հաշվարկային ճնշումը` 90:

Նախորդ հոդվածը‘Ռոման Աբրամովիչը ավստրալական ածխի մեջ գումար կներդնի ‘
Հաջորդ հոդվածը‘Սերգեյ Մինասյան. Պատերազմի հավանականությունն այս պահին փոքր է’