‘Մենք գործ ունենք սուտն ու փուչիկը սիրող իշխանությունների հետ’

1519

Օրերս  Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե գիտե՞ք՝ մենք գործ ունեք մի երկրի հետ եւ երկրի մի ղեկավարի, որոնք ցանկացած ձեւ, ցանկացած հնարավորություն օգտագործում են, այդ թվում՝ նաեւ սուտն ու կեղծիքը:

Նա նկատի ուներ Ադրբեջանը, բայց խոստովանենք, որ սուտն ու կեղծիքը, իրականությունը շրջված ներկայացնելը, մեղմ ասած՝ հեռու չեն նաեւ Հայաստանի իշխանություններից եւ հենց Սերժ Սարգսյանից:

Արտաքին լսարանի համար Սերժ Սարգսյանը կարող է ամեն ինչ էլ ասել, բայց այստեղ այդ ասածները չեն կարող հալած յուղի տեղ ընդունվել: Հենց Սերժ Սարգսյանն է ասում, թե իրականության մեջ սուտն ու կեղծիքը երկար կյանք չեն ունենում, բայց լավ կլինի, որպեսզի ընդհանրապես որեւէ կյանք չունենային: Բնականաբար, երկար կյանք չեն կարող ունենալ ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայաստանյան իշխանության հորինած եւ տարածած ստերը:

Որպես ստի եւ կեղծիքի փայլուն օրինակ՝ Սերժ Սարգսյանը նշեց Ալիեւի այն հայտարարությունը, թե ադրբեջանցի շախմատիստներն իրենց հաջողություններով վաղուց անցել են հայ շախմատիստներին: Ի դեպ, Սարգսյանը նաեւ նկատեց, թե Ալիեւն այս հայտարարությունն  արել է՝ հավանորեն վիրավորվելով այն հանգամանքից, որ ինքը համեմատել է համաշխարհային առարկայական օլիմպիադաներում մեր եւ տարածաշրջանի դպրոցականների արդյունքները:

Անշուշտ, բոլորս ենք հպարտանում մեր տաղանդավոր երեխաներով, բայց եկեք չկտրվենք իրականությունից եւ խոստովանենք, որ այդ տաղանդները մեր կրթական համակարգի հետ որեւէ կապ չունեն: Սերժ Սարգսյանը ոչ թե պետք է հպարտանա մի քանի բնատուր տաղանդների ցույց տված արդյունքներով, որոնց կայացման վրա հսկայական ներդրումներ ունեն հենց այդ երեխաների ծնողները, եւ ոչ մեր կրթական համակարգը, այլ կենտրոնանա կրթական համակարգի խնդիրների վրա: Ընդունի, որ հանրակրթական դպրոց, որպես այդպիսին, գոյություն չունի: Սերժ Սարգսյանը պետք է որ լավ իմանա, որ դպրոցներում իշխում է կոռուպցիան, եւ որ ավարտական ատեստատների գույնը որոշվում է ոչ թե գիտելիքներով, այլ տված կաշառքի չափով: Պետք է հասկանա, որ եթե երեխան տանը չունենա բանիմաց եւ գրագետ ծնող, ապա բառիս բուն իմաստով՝ անգրագետ կմնա: Իսկ թե ինչ սարսափելի վիճակ է բարձրագույն կրթական համակարգում, Արմեն Աշոտյանը, հաստատ, Սերժ Սարգսյանի ականջին ինչ-որ բան շշնջած կլինի:

Ինչ վերաբերում է շախմատին, ապա իրոք հաճելի է, որ մեր հավաքականը երկու անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն, բայց նաեւ ընդունենք, որ թիմային օլիմպիադան, միջազգային ընկալմամբ՝ դպրոցականների քիմիայի կամ ֆիզիկայի օլիմպիադայի կարգի իրադարձություն է: Բացի այդ, Սերժ Սարգսյանը մեր հավաքականի առաջատարների կայացման հետ որեւէ կապ չունի: Նա, որպես շախմատի ֆեդերացիայի նախագահ՝ պետք է ուշադրություն դարձնի մանկապատանեկան շախմատին, որտեղ խայտառակ, սարսափելի վիճակ է, ինչի հետեւանքները մենք կզգանք ավելի ուշ, երբ ավագ սերունդն այլեւս հոգնի շախմատ խաղալուց: Խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքով արտոնություններ են ստացել մի քանի պատանի շախմատիստներ, իսկ իրոք տաղանդավոր երեխաները եւ նրանց ծնողները, չդիմանալով անարդար պայքարին, դուրս են եկել շախմատից: Վերջին հաշվով, Սերժ Սարգսյանի՝ նախագահի պաշտոնը գրավելուց հետո շախմատում հայտնվեցին փողատեր պաշտոնյաների որդիներ ու դուստրեր, որոնց «պապաներն» այդ քայլով փորձում են միավորներ հավաքել իրենց շեֆերի եւ գլխավոր շեֆի մոտ: Այս ամենի արդյունքում մարզիչների ուշադրությունից դուրս մնացին տաղանդավոր, բայց փողոտ հայրեր չունեցող պատանի շախմատիստները: Սերժ Սարգսյանը պետք է որ իմանա, որ ամենամեծ կոռուպցիոն կառույցներից մեկը դարձել է շախմատի ֆեդերացիան: Խոսվում է, որ մենք շախմատային գերտերություն ենք, բայց այդ գերտերությունը հրաժարվում է պատանի շախմատիստներին ուղարկել Հարավաֆրիկյան Հանրապետություն, որտեղ կայանալու է աշխարհի առաջնությունը: Չգիտես ինչու, բոլոր երկրները չեն մտածում իրենց երեխաների առողջության մասին, իսկ մերոնք, իբր, մտահոգ են, դրա համար էլ չեն ուղարկում: Իսկ իրականում տոմսը մի փոքր թանկ է նստում: 

Սերժ Սարգսյանը պետք է հետաքրքրվի նաեւ, թե որքան գումար է ներդրվել եւ ինչ է արվել մեր պատանի շախմատիստների, եւ ոչ թե երեք-չորս «ընտրյալների» համար: Իսկ թե ինչ խայտառակ պայմանավորվածություններ եղան Երեւանում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ, որի ընթացքում «ընտրյալները» միավորներ էին խլում փորձառու գրոսմայստերներից եւ նորմաներ լրացնում՝ մամուլն արդեն գրել է:

Բաթումում կայանալիք պատանիների եւ աղջիկների Եվրոպայի  առաջնությանը Ադրբեջանից մասնակցելու է 94 պատանի շախմատիստ, իսկ շախմատային գերտերություն Հայաստանից՝ 64: Պատճառն այն է, որ Հայաստանի ֆեդերացիան ինչ-ինչ սահմանափակում էր մտցրել, այլ կերպ ասած՝ երեխաներին ապօրինաբար արգելելով մասնակցել պատանեկան փառատոնին:  Բնականաբար, հետո «ընտրյալների» համար հանվել էին այդ արգելքները, բայց միայն «ընտրյալների»: Ի դեպ, այս 64 շախմատիստների ճնշող մեծամասնությունը մեկնում է հենց իր հաշվին, եւ ոչ թե ֆեդերացիայի: Ֆեդերացիան ֆինանսավորում է ընդամենը նրանց, ովքեր Հայաստանի առաջնությունում գրավել են 2-րդ տեղը:

Այնպես որ՝ պետք է զբաղվել շախմատի զարգացմամբ, եւ ոչ թե կոռուպցիայի մեջ խեղդել շախմատը եւ հպարտանալ վաղուց կայացած շախմատիստների հաջողություններով: Կարելի է նաեւ մտածել այն մասին, թե ինչու չկարողացանք ճիշտ ձեւով օգնել Լեւոն Արոնյանին, որ նվաճի աշխարհի չեմպիոնի կոչումը: Վերջին հաշվով՝ Արոնյանը ե՛ւ մերն է, ե՛ւ աշխարհինն է: Նա վաղուց արդեն աշխարհաքաղաքացի է:

Իսկ ավելի լավ չէ՞ մտածել այն մասին, թե ինչու հայկական հեռուստաալիքների ճնշող մեծամասնությունը բոյկոտեց Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերի մեր մասնակիցներին, որոնք Հայաստան վերադարձան յոթ մեդալով, այդ թվում՝ երկու ոսկե: Մի՞թե հայրենասիրություն է, երբ պայքարելով Գագիկ Ծառուկյանի դեմ՝ պայքարում ենք նաեւ մեր տաղանդավոր երեխաների դեմ: Չէ՞ որ հենց այս դպրոցականներն են մի քանի տարի հետո Հայաստանը ներկայացնելու աշխարհի մեծահասակաների առաջնություններում եւ օլիմպիական խաղերում:

Այնպես որ՝ պետք է կարողանալ տեսնել իրականությունը, եւ ոչ թե օրինակ վերցնելով ադրբեջանցիներից՝ փուչիկներ սարքել եւ հիանալ դրանցով: Վերջին հաշվով՝ փուչիկների կյանքը, ստի նման՝ շատ կարճ է: 

Նախորդ հոդվածը‘Հոսանքազրկումներ Երեւանում եւ այլ մարզերում’
Հաջորդ հոդվածը‘Քառյակի դիմումը Գալուստ Սահակյանին՝ արտագաղթի թեմայով լսումներ հրավիրելու համար ‘