Մենք եւ մեր «կոտրած տաշտակը». «Առավոտ»

1405

Երազել, սիրուն հեքիաթներ հորինել թերեւս անխտիր բոլոր ազգերը, ժողովուրդները, անգամ ցեղախմբերն են սիրում։ Բայց նրանք բոլորն այդ ամենն ընդունում են որպես հեքիաթ, իրականությունից կտրված երազանք, որպես Մյունխհաուզենի արկածներ կամ Կամպանելլայի երեւակայության արդյունք ուտոպիստական ստեղծագործություն։ Երեւի միայն հայերս չենք սիրում երազանքը, հեքիաթը զանազանել իրականությունից։ Դրանք ընկալում ենք որպես վերին ճշմարտություն, թքում դառն ճշմարտության, դաժան եւ ոչ լիրիկական իրականության վրա ու գեղեցիկ ստերի թեւերին բազմած, «ճախրում» գետնից, իրականությունից կտրված վերեւներում։

Ու ինչպե՛ս ենք մոլեռանդորեն ատում, արհամարհում, չտեսնելուն տալիս այդ անիծյալ իրականությունը, դառն ու ծանր ճշմարտությունը։ Չենք սիրում ու ատում ենք նաեւ ճշմարտությունն ասողին, ծաղրում, հալածում նրան, հնարավորության դեպքում ոտքի տակ տալիս` որպես թշնամու, հակառակորդի, որ փորձում է խաթարել մեր երազանքների վարդագույն աշխարհը։ Իսկ ցանկացած խաբեբա, յուրաքանչյուր դեմագոգ ու կեղծարար, աչքներիս մեջ նայող, բայց ստորաբար ստող, խաբող արարած գլխներիս վրա տեղ ունի։ Վազում ենք հետեւներից, անգամ վիլսոնների ժամկետանց, վաղուց փոշեծածկ ու սարդոստայնով պատած քարտեզը որպես դրոշ վեր պարզած, վազում մեզ կուտ տվողի, աճպարարի հետեւից։ Հետո երբ մեր ինքնախաբեության, թացն ու չորն իրարից զանազանել չկարողանալու արդյունքում հայտնվում ենք դժբախտության մեջ, հերթական ողբերգությունն ենք բերում գլխներիս, սուգ ու շիվան ենք անում, ողբում ու մեղադրում ռուսին, թուրքին, հրեային, անգլիացուն, չինացուն կամ բուշմենին, մի խոսքով` բոլորին, բացի մեզնից, որ դավաճանել են մեզ, ստոր ու անարդար են գտնվել մեր հանդեպ։ Եվ անիծում ենք մեր «դաժան ճակատագիրը», հայտարարում, թե բոլորը նախանձում են մեզ` «աշխարհի առաջին քրիստոնյաներիս», ամենատաղանդավոր մեր ազգին եւ, խոսքները մեկ արած, փորձում են վերացնել մեզ։

Ու շարունակ հայտնվում ենք այն «կոտրած տաշտակի» առաջ, որ ինքներս այդպես կոտրած ու խեղված սարքել ու դարձրել ենք մեր ճակատագիրը։

Վարդգես Օվյան

aravot.am




Նախորդ հոդվածըԻրանցի ֆուտբոլիստը 26 տարվա ազատազրկման է դատապարտվել
Հաջորդ հոդվածըՎարդան Հարությունյան. Արժեքների սանդղակում իր շահն առաջին հորիզոնականում է