‘«Մենք իրավունք ունենք պահանջելու Տեր-Պետրոսյանի վերադարձը»’

2710

Գերմանիայում բնակվող Արմեն Ավետիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է.

Բոլոր չափանիշներով Մեր՝ «Der Alte»-ն՝ (հայերեն կթարգմանվի Ծերուկ, գերմանացիները նրան այդպես են կոչել- այս դեպքում կթարգմանվի ՄԵՐ ԾԵՐՈՒԿԸ) Տեր-Պետրոսյանը, եթե չի գերազանցում, ապա չի էլ զիջում Ադենաուերին (Քոնրադ Ադենաուեր, ժամանակակից ԳԴՀ հիմնադիրներից մեկը՝ Գերմանիայի կանցլեր 1949-1963թթ-խմբ.): Այնպես որ, մենք իրավունք ունենք պահանջելու նրա վերադարձը: Իսկական վերադարձը: Կարդալով  հարցազրույցը կենտրոնամետ սոցիալական ուղվածության մասին, ևս մեկ անգամ համոզվեցի, որ մեր ԼՏՊ-ն, մե՛ր  Ադենաուերն է (այսինքն՝ «ՄԵՐ ԾԵՐՈՒԿԸ »): Մոխրից և փլատակներից այս մոտեցմամբ կարելի է ստեղծել նոր Սոցիալական Հայաստան: Չնայած սահմանադրության մեջ ֆիքսված է, որ Հայաստանը սոցիալական պետություն է, բայց 1998-ից այս կողմ … իշխանությունները չհասկանալով սոցիալական պետության մոդելը, այդպես էլ չանդրադարձան 1995-ին ամրագրված կետին:

Հանտված հայտնի հարցազրույցից. «- Իսկ ինչպիսի՞ն են լինելու Կոնգրեսի հենքի վրա ստեղծվելիք նոր կուսակցության գաղափարախոսությունն ու քաղաքական ծրագիրը։
— Նոր կուսակցությունն, իմ կարծիքով, դավանելու է սոցիալ-լիբերալիզմի գաղափարախոսությունը, որի էությունը լիակատար լիբերալ տնտեսական համակարգի և ժողովրդի սոցիալական պահանջների լիարժեք բավարարման ներդաշնակումն է՝ պետության չափավոր վերահսկողության շրջանակներում։ Նման գաղափարախոսություն դավանող կուսակցություններ աշխարհում գոյություն ունեն, և դրանցից ամենահայտնին ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունն է՝ ի դեմս իր առաջնորդներ Բիլ Քլինթոնի և Բարաք Օբամայի։ Ինչ վերաբերում է քաղաքական ծրագրին, ապա այն, ըստ էության, չի տարբերվելու «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ծրագրից»:

Սոցիալական շուկայական տնտեսության տեսության հիմքերը շարադրել են Ադենաուերը եւ նրա համախոհները 1949-ին՝ Դյուսելդորֆյան թեզիսներում: Հիմնական թեզիսն Ադենաուերը ձեւակերպել է հետեւյալ կերպ. «Տնտեսության կապիտալիստական համակարգը չի համապատասխանում գերմանացի ժողովրդի կենսական քաղաքական եւ սոցիալական շահերին: Գերմանական տնտեսության նոր կառուցվածքը պետք է հիմնվի այն փաստի հաշվով, որ կապիտալիզմի անսահմանափակ գերակայության ժամանակն անցել է»:

Նկատեք, կապիտալիզմը դեռ անցիալ դարում իրեն սպառել էր… Նա նաև սոցիալիզմն էր համարում սպառված… ահա թե ինչ է ասվում սոցիալիզմի մասին, որն ի դեպ, եւս գերմանական ծագում ունի:

«Ադենաուերի ծրագրային նպատակներում կարեւոր տեղ էին զբաղեցնում քրիստոնեական էթիկան՝ որպես հանրային կառուցվածքի հիմքը, պետության հրաժարումը անհատի նկատմամբ գերիշխանությունից, յուրաքանչյուր անհատին կյանքի ցանկացած ոլորտում նախաձեռնության դրսեւորման հնարավորություն տալը: Ադենաուերը կարծում էր, որ պետության ձեռքում քաղաքական եւ տնտեսական իշխանության կենտրոնացման ( որի օգտին արտահայտվում էին սոցիալիստները) մեջ անձի ազատության համար վտանգ կա թաքնված»:

Քոնրադ Ադենաուերը Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջին նախագահն էր 1950-63թթ.: Ավտորիտար ոճի այդ կամային եւ եռանդուն քաղաքական գործիչը՝ (մեր Ծերուկին նույնպես մեղադրում են այդ ստիլին մոտ լինելու համար, բայց դա ընդամենը ստիլ է և ոչ թե բնավորություն), կոշտ եւ միաժամանակ ճկուն, սկեպտիկ, պրագմատիկ  եւ հոգու խորքում՝ իդեալիստ քրիստոնյա Ադենաուերը մեծ ժողովրդականություն էր վայելում՝ վաստակելով Der Alte («Ծերուկ») մականունը: Ադենաուերի քաղաքականությունը հիմնված էր երկու «կետերի»՝ սոցիալական շուկայական տնտեսության եւ «Նոր Գերմանիա՝ նոր Եվրոպայում» կարգախոսի վրա:  

Նա ինքնակամ լքեց կանցլերի պաշտոնը 1963-ին պատկառելի տարիքի նկատառումներով՝ գտնվելով երկրի քաղաքական եւ տնտեսական ճարտարապետի փառքի գագաթնակետին: Ադենաուերի ղեկավարության ներքո Արեւմտյան Գերմանիան ջախջախված եւ բարոյալքված երկրից վերածվեց պետությունների ժողովրդավարական հանրության արժանավոր անդամի:  Ստանձնելով իր պաշտոնը 73 տարեկանում, նա այն զբաղեցրեց 14 տարի:

Մեր Ծերուկը դեռ հինգ տարի ունի մինչեւ 73-ը եւ 14 էլ՝ որպես նախագահ: Հետո կարող է վայելել իսկական ծերությունը:

Նախորդ հոդվածը‘Ծպտված քարոզչությու՞ն. Զինվորները փետրվարի 18-ին կընտրեն գերագույն գլխավոր հրամանատար ‘
Հաջորդ հոդվածը‘Քաբուլում ՌԴ դիվանագիտական առաքելությունը սաստկացնում է անվտանգության միջոցառումները’