‘Մենք Վենետիկի վերածելու մայրաքաղաք չունենք կամ ինչու՞ է աղմկում Գետառը’

2909

Հունիսի 12-ի երեկոյան Արարատյան դաշտում տեղացած հորդառատ անձրեւն ու կարկուտը կրկին ստիպեցին հիշել Երեւանի ջրահեռացման խնդիրների մասին: Սոցցանցերում ու լրատվամիջոցներում հայտնվեցին քաղաքի՝ ջրով հեղեղված ստորգետնյա անցումներում եւ պարզապես փողոցներում արված լուսանկարներ ու տեսանյութեր, հարյուրավոր մեքենաներ խափանվեցին՝ հայտնվելով ջրի մեջ:

Կրկին բարձրացավ հարցը՝ ինչու՞ նորմալ չի գործում քաղաքի ջրահեռացման համակարգը, արդյո՞ք 2000-ականներին Գետառի վերջնական «բանտարկումն» է վերջերս հաճախակիացած հեղեղների պատճառը, եւ արդյո՞ք օրերից մի օր սա չի հանգեցնի խոշոր աղետի:

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի խոսքով, Երեւանի փողոցներում անձրեւաջրի կուտակումների պատճառը ոչ թե ջրահեռացման համակարգերի բացակայությունն է կամ անբավարարությունը, այլ այն, որ դրանք ժամանակին չեն մաքրվում:

Խորհրդային տարիներին Երեւանի գլխավոր ճարտարապետի տեղակալ, ապա՝ գլխավոր ճարտարապետ աշխատած Մուշեղյանը iLur.am-ի հետ զրույցում նշեց, որ ժամանակին ջրահեռացման համակարգը մանրամասն նախագծվել է, եւ անգամ 2000-ականներին  ի հայտ եկած ենթակառուցվածքները նախագծվել են՝ հաշվի առնելով տարեկան տեղումների միջին ծավալը: Գետառի բետոնե ծածկը, ըստ ճարտարապետի, անգամ ամենաուժգին սելավի դեպքում կլցվի 1/3-ով: Այն նախագծվել է ոչ միայն դրանով անցնող ջրի ծավալի հաշվարկով, այլեւ որպեսզի խոշոր տեխնիկան ազատորեն մտնի եւ մաքրի հունը:

«Ջրահեռացման համակարգ կա: Եթե ջրահեռացման հորերը բաց լինեն, ջուրն անմիջապես ինքնահոսով կհեռանա: Բայց եթե դրանք պարբերաբար չմաքրվեն, նման խնդիրներն անխուսափելի են», — ասաց Գուրգեն Մուշեղյանը:

Ճարտարապետը նաեւ նշեց, որ իրական խնդիրներ են Երեւանից հյուսիս՝ Կոտայքում տարիներ առաջ կառուցված սելավընդունիչ ջրամբարներն ու ջրանցքները, որոնք ամբողջովին լցված են շինարարական աղբով, հետեւաբար վտանգ կա, որ ջուրը կարող է դուրս գալ դրանցից եւ հեղեղել ավելի ներքեւ գտնվող շինությունները, որոնք իրենց հերթին կառուցվել են՝ առանց հաշվի առնելու այս վտանգը:

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ այսօր հեղեղումների խնդրին անդրադարձել է նաեւ նորանշանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ըստ քաղաքապետարանի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության, Մարգարյանը «Վեոլիա ջուր» ընկերությանը հանձնարարել է «կարճ ժամանակում ապահովել անձրևատար համակարգի մաքրումն ու կարգաբերումը»:

Հատկանշական է, որ քաղաքապետը անձրեւատար համակարգի մաքրման մասին հիշում է ոչ թե հորդառատ անձրեւից առաջ` կանխելու համար հեղեղները (գրեթե ամեն տարի հունիսին հորդառատ անձրեւներ են լինում), այլ անձրեւից հետո, երբ նախօրեին ջրանցքների վերածված փողոցներն արդեն ցամաքել են: Նույն տրամաբանությամբ, իշխանությունը հանրային տրանսպորտի համակարգում մաշված շարժակազմի մասին հիշում է հերթական ողբերգական պատահարից հետո, սահմանին տեսադիտարկման սարքերի արդիականացման մասին հիշում է հարյուրավոր զոհերից հետո, բայց երբ նրա առաջ բարձրացնում ես բյուջեի հաշվին արվող շռայլ ծախսերից հրաժարվելու հարցը, վկայակոչում է օտարերկրյա հյուրերին պատվով ներկայանալու անհրաժեշտությունը:

Հ.Կ.

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանn այցելել է Շուշիի տեխնոլոգիական համալսարան’
Հաջորդ հոդվածը‘«Norway Chess». Արոնյանը պարտության մատնեց աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին’