‘«Մենք տասը նահատակ տվեցինք, բայց չերկնչեցինք հակադարձել բիրտ ուժին»’

2285

Քաղաքացի Ծովինար Նազարյանը Facebook-ի իր էջում գրում է.

Մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ ես տեսել եմ լուսավոր երիտասարդների: Նրանց հագուկապից երեւում էր, որ բավական լավ են վաստակում, լավ կրթություն ունեն, առաջադեմ մարդիկ են, ու նրանց բողոքը սովից չէր, այլ անարդարությունից: Ես տեսել եմ բազմաթիվ մտավորականների՝ նկարիչներ, գրողներ, լրագրողներ… Վիգեն Թադեւոսյանին, Գրիգոր Խաչատրյանին, Հովհհանես Մարգարյանին, Լեւոն Խեչոյանին, Արթուր Ազարյանին… Ես տեսել եմ հոգեւորականների, որ աղոթեցին բոլորիս համար… Ես տեսել եմ բազմաթիվ կանանց՝ մայրերի ու մորաքույրների, ինչպես իմոնք էին ու ինձանից մի քայլ էնկողմ չէին գնում, որ հանկարծ առաջին գիծ չգնամ, իսկ եղբայրս գնում էր իբր լուր բերելու, բայց մենք նրան էդպես դատարկ ձեռքերով տեսնում էինք որպես բարիկադ դրված տրոլեյբուսից այսկողմ… Օդը շամփրում էր լուսարձակող փամփուշտների հեղեղը, իսկ գետնի վրա կրակի էին տրված ոստիկանական մեքենաները, ցուցարարները հետեւում էին, որ քաղաքացիական համարներով որեւէ մեքենա չտուժեր… Մենք տեսնում էինք վիրավորների, որ գալիս էին կամ բերում էին մեր կողմ՝ օգնություն որոնելով… Մենք տեսնում էինք նաեւ արդեն մահացածներին, բայց ուզում էինք հավատալ, որ նրանք վիրավոր են եւ հիվանդանոցում փրկություն կստանան… Մեր երկրի լավագույն որդիները պատերազմի դաշտում էին, որ նրանց դեմ սանձազերծել էր ներքին թշնամին ու հաջորդ օրերին ապշահար էր մնացել, թե՝ ոնց թե ինձ դիմադրում են, իմ դեմ երկաթե ձողեր, փայտ ու քար են վերցնում… Մինչդեռ իմ վաշինգտոնցի սեւամորթ զինվորական հարեւանս ասում էր՝ խելամիտ չեք վարվել, խելամիտ չէր հրազենի դեմ ձողերով գնալ… Այո, մենք անհրաժեշտ պաշտպանության լիարժեք իրավունք ունեինք, բայց խելամտորեն խուսափեցինք արյունից: Չնայած քրեական հանցագործները չէին վարանել սահմանը դատարկել ու զորքերը՝ մեր սեփական զավակներին բերել մեր դեմ պատերազմի, իսկ մարդասպան սպաները թաքնվում էին ժամկետայինների անզեն շարքերի հետեւում, մեզանից ոչ ոք իրեն թույլ չտվեց մահացու զենքերով կռվել իր հայրենակիցների դեմ… Եղբայրս տեսել էր, որ ավտոմատը նետելով ցուցարարների շարքերում, մի զինվորական փախել էր: Այն բարձրացրել էր մի մրադ, ըստ ամենայնի՝ նախկին ազատամարտիկ, ուղղել էր զինվորների կողմ, գլուխը ճոճել էր բացասաբար, ուղղել էր օդ, կրակել-դատարկել պահունակը, ավտոմատը գցել ուսն ու հեռացել տարածքից… 
Մենք տասը նահատակ տվեցինք, բայց չկորցրեցինք մարդկայնության ու եղբայրության այն ոգին, որ թեւածում էր հետընտրական Ազատության հրապարակում շուրջ տասը օր: Մենք տասը նահատակ տվեցինք, բայց մեզ թույլ չտվեցինք կրակել մեր եղբայրների վրա: Մենք տասը նահատակ տվեցինք, բայց չերկնչեցինք հակադարձել բիրտ ուժին եւ մեր միամիտ «փոցխ ու եղանով» ստիպել հրազենով զինված զորքին նահանջել: Դա ազատագրական պայքարի եզակի լուսավոր էջ էր ու մենք դրանով հպարտանալու լիարժեք իրավունք ունենք: Լույս իջնի նահատակների հոգուն եւ անկոտրում ոգի մեր պայքարին:

Նախորդ հոդվածը‘Վիկ Դարչինյան. Խիստ հիասթափվել եմ մեր ղեկավարությունից’
Հաջորդ հոդվածը‘Ռուբեն Հակոբյան. Հրաժարական պահանջում են նրանից, ով նախագահ է’