‘Մեսին եւ Ռոնալդուն հաղթանակ են բերում իրենց թիմերին’

1255

Կատալոնական «Բարսելոնան» եւս մեկ քայլ արեց Իսպանիայում 22-րդ չեմպիոնական բարձունքը նվաճելու ճանապարհին: Բավական հետաքրքիր եւ դիտարժան խաղում կատալոնացիները 4-2 հաշվով հաղթանակ տարան Սեւիլիայի «Բետիսի» նկատմամբ: Եվ նորից գործը հաջողվեց միայն Լիոնել Մեսիի շնորհիվ:  

«Բետիսի» ֆուտբոլիստները առաջին խաղակեսից հետո հաղթում էին 2:1 հաշվով, թեպետ «Բարսելոնան» բացահայտ առավելություն ուներ եւ գոլ խփելու բազմաթիվ հնարավորություններ:

Ընդմիջումից հետո Դավիդ Վիլյան հավասարեցրեց հաշիվը եւ անմիջապես փոխարինվեց. խաղադաշտ մտավ Լիոնել Մեսին եւ 2 րոպե անց տուգանային հարվածով փայլուն գոլի հեղինակ դարձավ եւ առաջ մղեց թիմին: 10 րոպե անց Մեսին գեղեցիկ խաղարկված կոմբինացիայից հետո խփեց իր երկրորդ գնդակը եւ սահմանեց հանդիպման վերջնական հաշիվը` 4:2:

Նշենք, որ Մեսին գոլ խփեց 21-րդ հանդիպումն անընդմեջ, իսկ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 46-ի, ինչը առայժմ իրեն իսկ պատկանող ռեկորդի գրաֆիկին գերազանցում է: Հիշեցնենք, որ նախորդ առաջնությունում Մեսին դարձել էր 50 գոլի հեղինակ, իսկ այս առաջնության ավարտին դեռեւս 4 տուր կա:

Բավական ուրախ անցավ նաեւ Մադրիդի «Ռեալի» հանդիպումը: Վերջինս նույնպես կամային հաղթանակ տարավ, այս դեպքում «Վալյադոլիդի» նկատմամբ` 4:3 հաշվով:

Այս խաղում էլ դուբլի հեղինակ դարձավ «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

«Բարսելոնան» վաստակեց 88 միավոր, եւ հաջորդ խաղում հաղթանակ տանելու դեպքում ժամկետից շուտ կդառնա Իսպանիայի չեմպիոն: 2-րդը` Մադրիդի «Ռեալն» է` 77 միավոր:

«Բարսելոնա» — «Բետիս»՝ 4:2

Ալեքսիս Սանչես, 9, Դավիդ Վիլյա, 56, Լիոնել Մեսի, 60, 71 – Դոռլան Պաբոն, 2, Ռուբեն Պերես, 43

«Ռեալ» — «Վալյադոլիդ»՝ 4:3

Մարկ Վալյենտե, 26 (ինքնագոլ), Կրիշտիանու Ռոնալդու, 32, 70, Կակա, 49 – Օսկար Գոնսալես, 8, Խավի Գերա, 35, Լյուիս Սաստրե, 87

Նախորդ հոդվածը‘Ոստիկանություն. Ընտրություններից հետո մայրաքաղաքի մի շարք համայնքներում կազմակերպվել են հրավառություններ’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են «Հայացք» երիտասարդական կինոփառատոնի հաղթողները’