‘Մեսին ռեկորդներ է փնտրում, Ֆալկաոն «ժայթքում» է, եռյակը հաղթում. տեսանյութ’

943

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում առաջատար եռյակի մասնակցությամբ խաղերում տեղի ունեցան մի շարք կարեւոր իրադարձություններով, որոնցից մեկը արդեն դասվել է պատմականների շարքում:

Նախ, «Ռեալը» արտագնա խաղում 3:2 հաշվով հաղթեց «Վալյադոլիդին»: Ընդհանրապես, այս մրցաշրջանում «Ռեալի» դեմ մրցակիցները առանձնակի տրամադրվածությամբ են խաղադաշտ մտնում: Բազմաթիվ թիմեր այս մրցաշրջանում իրենց լավագույն հանդիպումն անցկացնում են հենց «Ռեալի» հետ խաղում: Բացառություն չէր նաեւ համեստ «Վալյադոլիդը», որը գրագետ մարտավարության շնորհիվ կարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ, խաղի ընթացքում երկու անգամ հաշվի մեջ առաջ անցնել, կարողացավ չեզոքացնել Ռոնալդուին:

Սակայն «Ռեալը» կարողացավ բեկում մտցնել խաղի մեջ եւ կամային հաղթանակ տանել: Հիմնականում Քարիմ Բենզեմայի եւ Մեսութ Օզիլի փայլուն խաղի շնորհիվ:

«Վալյադոլիդ» — «Ռեալ»՝ 2:3

Մանուշու, 7, 22 – Քարիմ Բենզեմա, 12, Մեսութ Օզիլ, 45, 72

Մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն» պարզապես նվաստացրեց Լա Կորունիայի «Դեպորտիվոյին»: Վերջապես «ժայթքեց» «Աթլետիկոյի» հրաբուխը` Ռադամել Ֆալկաոն, որը առաջնությունում վերջին անգամ խաղից աչքի էր ընկել դեռեւս հոկտեմբերին: Երեւի 1.5 ամսվա պաշարը պահել էր հենց «Դեպորտիվոյի» համար: Կոլումբիացին 5 գոլի հեղինակ դարձավ եւ նրան կրնկակոխ հետեւող «չելսիներն» ու «ռեալները» ստիպված պետք է լինեն ավելի շատ գումար հայթայթել նման հարձակվողի համար:

«Աթլետիկոն» հաղթեց 6:0 հաշվով, Ֆալկաոն իր գոլերի քանակը հասցրեց 16-ի եւ այժմ «ընդամենը» 7 գոլով է զիջում առաջատարին… ՆՐԱՆ, որը պատմություն է կերտում…

«Աթլետիկո» — «Դեպորտիվո»՝ 6:0

Դիեգո Կոստա, 23, Ռադամել Ֆալկաո, 28, 42, 64 (11մ.), 68, 71

ՆՐԱՆ, որի ժամանակակիցը լինելու բախտ է վիճակվել բոլոիս: Լիոնել Մեսին շարունակում է թարմացնել, գերազանցել, ավելացնել համաշխարհային ֆուտբոլի ռեկորդները: Երբ ֆուտբոլի մերօրյա արքան ավարտի իր մրցելույթները, ինչը գործնականում դժվար է պատկերացնել, շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե քանի էջ կզբաղեցնեն միայն նրա տիտղոսներն ու նվաճումները:

«Բետիսը» ընդունել էր «Բարսելոնային», որը իր հերթին է այս մրցաշրջանում ռեկորդներ գերազանցում վաստակած միավորներով: Կատալոնացիները 2:1 հաշվով հաղթեցին մրցակցին, եւ կարելի է շնորհավորել… «Բետիսի» երկրպագուներին, որոնց աչքի առջեւ տեղի ունեցավ վերջին ժամանակների ամենասպասված իրադարձությունը. Մեսին գերազանցեց Մյունխենի «Բավարիայի» լեգենդար ռմբարկու Գերդ Մյուլերի լեգենդար ռեկորդը, որը 1972 թվականին դարձել էր 85 գոլի հեղինակ: 40 տարի հետո Մեսին «Բետիսի» հետ խաղում դառնալով դուբլի հեղինակ, տարվա ընթացքում իր գոլերի քանակը հասցրեց 86-ի: Արդեն կարեւոր չէ, Մեսին վնասվածքով էր խաղում, ով փոխանցում կատարեց, եւ այլն: Պարզապես կա Մեսի, կա «Բարսելոնա» եւ դա բավական է:

«Բետիս» — «Բարսելանո»՝ 1:2

Ռուբեն Կաստրո, 39 – Լիոնել Մեսի, 16, 25

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 43 միավորով շարունակում է վստահորեն թագավորել Իսպանիայի առաջնությունում: Մադրիդի «Աթլետիկոն» ունի 37, իսկ «Ռեալը»՝ 32 միավոր: Հաջորդն տուրում կհանդիպեն հենց «Բարսելոնան» եւ «Աթլետիկոն»: Ֆալկաոն ընդդեմ Մեսիի. հնչեղ է, բայց առայժմ միայն թղթի վրա:

Նախորդ հոդվածը‘Կարեն Անդրեասյան. Շնորհակալ եմ ՀՀԿ-ից, բայց ես նրանց պարտական չեմ’
Հաջորդ հոդվածը‘Քահանա. Ամեն օրը պետք է ապրել որպես վերջինը, որովհետև աշխարհի վերջը հանկարծակի է գալու’