‘Մեսիջները հասան հասցեատերերին’

2112

2014 թվականի մարտի մեկի Հայ ազգային կոնգրեսի և ՀԺԿ-ի կազմակերպած հանրահավաքն իր բազմամարդությամբ` այս տարվա ամենամեծ հավաքն էր քաղաքական ողջ դաշտի կազմակերպածներից:

30-40 հազար ՀՀ քաղաքացի դուրս էր  եկել փողոց՝ մասնակցելու հանրահավաքին ու երթին: Երբ մարդիկ նշում են, թե բազմաթիվությունը կապված չէր Կոնգրեսի հետ, այլ պարզապես իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում 2008-ին իշխանությունների կատարած վայրագությունների դեմ, ասվածը կարող է ճշմարտացի թվալ, սակայն եկեք միասին դիտարկենք, թե արդյո՞ք այդպես է:

Իհարկե, հիշարժան օրերին մարդիկ ավելի են հակված մասնակցելու ցույցերի ու երթերի, սակայն նույն Մարտի մեկին, բացի ՀԱԿ-ից, տարաբնույթ քաղաքական ուժերի կողմից ևս 4-5  ակցիա էր կազմակերպվել, եւ այդ ակցիաներից որևէ մեկում մասնակիցների թիվը չգերազանցեց հիսուն հոգին՝ լրագրողներն ու ոստիկաններն էլ այդ թվից չհանած:

Եթե ՀԱԿ-ի հանրահավաքի մարդաշատությունը զուտ Մարտի մեկի օրով պայմանավորված լիներ, ապա գոնե մի հարյուր հոգի էլ այդ օրվա խորհրդով կհավաքվեին Հայրիկյան-Շահնազարյան լյուստրացված զույգի կողքին և երթով կգնային Ռուսական դեսպանություն ու Բաղրամյան 26, միաժամանակ, ճանապարհին չմոռանալով գոռալ, որ Մարտի մեկի պատասխանատուն Պուտինն է ու Ռոբերտ Քոչարյանը, բայց ոչ երբեք՝ Սերժ Սարգսյանը:

Ինչևիցե, անցնենք բազմահազարանոց ու էներգետիկայով լեցուն հանրահավաքից հետո քաղաքական և հասարակական դաշտում հնչած արձագանքներին, մասնավորապես` հանրահավաքում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի արձագանքներին:

Նախ ասեմ, որ Հայաստանում ավանդույթ է ձևավորվել, որ Տեր-Պետրոսյանի ցանկացած կարգի խոսքից հետո ողջ քաղաքական դաշտը մոտ երկու ամիս սկսում է քննարկել այն, իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանի քաղաքական դաշտի շարժիչ ուժը`  վերջին վեց-յոթ տարիների ընթացքում եղել և մնում են Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր ղեկավարած շարժումը: Սա, իհարկե, ուրախալի ու նաև պատասխանատու արձանագրում է. ասել է թե՝  ողջ քաղաքական դաշտն իր հույսը դրել է Լևոն Տեր-Պետրոսյանի վրա, անկախ այն բանից՝ նրանք Տեր-Պետրոսյանի կողմնակիցնե՞րն են, թե՞ հակառակորդները:

Անցնելով ելույթի դրույթների քննարկմանը, նշենք, որ հիմնական քննադատությունը, որ հնչել է` այն էր, թե ինչու է Տեր-Պետրոսյանը հայտարարել, որ Մաքսային միությանը միանալն անդառնալի է: Այս դրույթը սխալ համարողները միայն մի տարբերակ ունեն մեզ համոզելու իրենց ճշմարտացիության մեջ, և այդ տարբերակը Մաքսային միությանը Հայաստանի չմիանալն է, իսկ մինչ այդ՝ այս հարցը քննարկելն անիմաստ է, քանի որ մինչև Հայաստանը չի հրաժարվել Մաքսային միությանը միանալուց, նշանակում է` Տեր-Պետրոսյանը ճիշտ է:

Իհարկե, կան նաև այնպիսի «տարբերակներ», որ մինչև ՄՄ-ին միանալը կարող է աշխարհը կործանվել կամ այլմոլորակայինները գրավեն երկրագունդը, բայց այդպիսի տարբերակներն էլ թողնենք այդպիսի տարբերակներ առաջադրողներին և անցնենք մյուս քննադատությանը:

Ընդդիմախոսները նշում են թե ինչու Տեր-Պետրոսյանը Իվանիշվիլուն և Ռենատ Ախմետովին համեմատեց Ծառուկյանի հետ եւ ասաց` ինչո՞վ է վերջինս պակաս առաջիններից: Ոմանք նշեցին, որ Իվանիշվիլին իր կապիտալը ստեղծել է երկրից դուրս, բայց մոռացան նշել Ռենատի կապիտալի կուտակման տեղը, ոմանք նշեցին, թե իբր` ի տարբերություն Ծառուկյանի, Իվանիշվիլին և Ախմետովը երբևէ չեն օգտվել իշխանության լծակներից, մոռանալով, որ մեկը իշխող Ռեգիոնների կուսակցության հիմնադիրներից էր, իսկ մյուսն էլ իր կապիտալը կուտակել էր այն Ռուսաստանի գրկում, որին արևմտամետները համարում են բռնապետական, որտեղ առանց իշխանությունների հետ համագործակցելու` մարդը միլիարդատեր չի կարող դառնալ:

Ինչևիցե, այստեղ հարցը վերաբերում էր ոչ թե փողի քանակին, մարդու արտաքինին, կրթության մակարդակին կամ փողի կուտակման վայրին, այլ նրան, որ համեմատվող գործիչներն իրենց կյանքի մի պահի՝ տեսնելով, որ իրենց երկրները կանգնած են կործանման եզրին, որոշում են կայացրել խառնվել քաղաքականությանը և փոխել երկրի հունը դեպի բարգավաճում ու զարգացում:

Հնարավոր է՝ Ծառուկյանը չհետևի վերոնշյալ գործիչների օրինակին, սակայն հնարավոր է նաև՝ կատարի նմանօրինակ քայլ, որով Հայաստանը դուրս կգա այս ճահճային վիճակից: Հիմա ի՞նչ, եթե այդպիսի հնարավորություն կա, արդյոք չօգտվե՞լ այդ հնարավորությունից, ու թողնե՞լ, որ երկրում շարունակեն իշխել Սերժ Սարգսյանն ու յուր շրջապատը՝ դրանով իսկ վտանգի ենթարկելով հայոց պետականությունը:

Իհարկե, հասկանալի է իշխանությունների և լրատվական դաշտում ներդրված իշխանական գործակալների արձագանքն այս ելույթին. նրանք պետք է ամեն ինչ անեն, որպեսզի արժեզրկեն և նսեմացնեն ՀԱԿ-ի հանրահավաքի ուղերձներն ու քաղաքական արժեքը, և դա բնական է, քանի որ իշխանությունները վեց տարվա մեջ չկարողացան ո՛չ մեկուսացնել Կոնգրեսին, ո՛չ էլ ի հակակշիռ ՀԱԿ-ի` նոր ընդդիմություն ստեղծել, որը, իբր, կվերահսկեր փողոցը:

Ինչպես վեց տարի առաջ, այնպես էլ այսօր ՀԱԿ-ը հանդիսանում է Հայաստանի ընդդիմությունը կոնսոլիդացնող կառույց, որը կանգնած է իշխանությունների կոկորդին, ու իշխանության տարաբնույթ փորձերը` Կոնգրեսից մասեր պոկելով ու Կոնգրեսի դեմ դրանք օգտագործելով, ի վերջո ձախողվել են:

Իշխանությունների այսպիսի պահվածքը բնական էր և սպասելի, սպասելի էր նաև ամեն անգամ ոգևորվող և հիասթափվող մարդկանց արձագանքը, ում համար քաղաքականությունը սերիալից չի տարբերվում՝ միայն թե այնտեղ լինեն հայհոյանքներ ու էժանագին տեսարաններ. մնացածը նրանց հասու չէ: Այսպիսիներին արձագանքելն էլ է անիմաստ զբաղմունք, քանի որ նույնիսկ Ուկրաինայի այսօրվա վիճակը նրանց չի կարողանում հասկացնել, որ արկածախնդրությունը վտանգավոր է ցանկացած պարագայում, որքան էլ ազնիվ ու ռոմանտիկ նպատակներ հետապնդի:

Սակայն, այս հանրահավաքի ամենակարևոր արդյունքն այն է, որ հանրահավաքի և հնչած ելույթների հիմնական հասցեատերերը հասկացել են, որ հնարավոր է պառլամենտական չորս ուժերի սերտ համագործակցությամբ և հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ՝ Հայաստանում հասնել իշխանափոխության և ձևավորել ժողովրդի կողմից ընտրված իշխանություն: Մնացած մանր-մունր հարցերը ժամանակի ընթացքում կլուծվեն:

Սանասար Հավասարյան

Նախորդ հոդվածը‘Տաջիկստանում քննարկում են «խոպանչիի» արձանը տեղադրելու հարցը’
Հաջորդ հոդվածը‘Ըստ պաշտոնական տվյալների՝ էժանացումն ամենուր է’