‘Մեսսի — «Բարսելոնա». Իրական է արդյոք բաժանման վտանգը’

1570

«Բարսելոնան» կորցրեց Գվարդիոլային, հրաժեշտ տվեց ակումբի խորհրդանիշերից ևս մեկին՝ Աբիդալին, և ամռանը ստիպված կլինի հրաժեշտ տալ թիմի բոլոր ժամանակների լավագույ դարպասապահին՝ Վիկտոր Վալդեսին: Այս ընթացքում թիմը ձեռք բերեց նոր գերտաղանդի՝ Նեյմարին, և մտորում է նոր մարզադաշտի կառուցման մասին: Հնարավոր է արդյո՞ք այս ամենը դառնա պատճառ, որպեսզի «Բարսելոնան» լքի գլխավոր լեգենդ Լեո Մեսսին, և ինչը կարող է դառնալ իրադարձությունների նման զարգացման պատճառ:

Երբ իսպանական Punto Pelota հաղորդման շրջանակներում ինքն իրեն ՖԻՖԱ-ի գործակալ հռչակած Ֆրանսուա Գալյարդո անունով անձնավորությունը հայտարարեց, որ 2014-ի ամռանը Լեո Մեսսին կհեռանա Բարսայից, շատերը շտապեցին Գալյարդոյի հետ կապված ծաղրանկարներ և ինտերնետային մեմեր ստեղծել: Սակայն վերջին օրերին տեղի ունեցավ Մեսսիի վրա հերթական հարձակումը, որից կատալոնցիների նախագահ Սանդրո Ռոսելը, ըստ շատերի, այդքան էլ չի պաշտպանում իր գերաստղին:

Հարկերից խուսափելու պատճառով դատական գործընթացի ժամանակ Բարսայի նախագահ Սանդրո Ռոսելը որևէ հնչեղ և խիստ հայտարարություն չարեց՝ նախընտրելով սահմանափակվել «Մենք վստահ ենք, որ Մեսսին մաքուր» է և նմանատիպ այլ նախադասություններով:

Բայց Լեոյի վրա հարձակումներն այդպես էլ չեն դադարում: Ընդամենը 5 օր առաջ El Mundo-ն (որին շատերը սխալմամբ շփոթում են կատալոնական El Mundo Deportivo սպորտային օրաթերթի հետ) տեղեկատվություն տարածեց այն մասին, որ Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին, կասկածվում է բարեգործական խաղի ժամանակ կազմակերված գումարներ լվանալու մեջ, և որ իբր այդ նույն գործի մեջ են ներգրավված նաև լատինաամերիկացի խոշոր թմրավաճառներ: Այս անգամ Մեսսիների ընտանիքը հրապարակեց բարեգործական հանդիպման հետ կապված բոլոր փաստաթղթերը, ինչից հետո իսպանական կառավարությունից հերքեցին El Mundo-ի տեղեկատվությունը՝ նշելով, որ Խորխե Մեսսին որևէ կերպ ընգրկված չէ նրանց թմրանյութերի վաճառքի հետ կապված հետաքննության գործում: Իսկ Լեոյի հայրը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են դատի տալ El Mundo-ին: Եվ կրկին, որքան էլ որ տարօրինակ թվա, Ռոսելը որևէ կտրուկ հայտարարություն չարեց՝ նշելով, որ «պետք է միասին լինենք», իսկ Մեսսիի մասին նշեց միայն, որ «Լեոն լավագույնն է աշխարհում և արժանի է ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը դառնալու»:

Մեսսիի աշխատավարձի վերաբերյալ կարևոր է ընդգծել այն, որ նրա պայմանները բարելավվել են փետրվարին, և ի տարբերություն մի 29- ամյա պորտուգալացու՝ արգենտինացին երբեք չի նշել իր տխրության մասին և որևէ այլ կերպ չի ակնարկել աշխատավարձի բարձրացման անհրաժեշտության մասին: Սակայն այս ամենը չխանգարեց, որպեսզի «Բարսելոնայի» փոխնախագահ Խավիեր Ֆաուսը բավականին հեգնական տոնով խոսի Մեսսիի մասին: Մեսսիի աշխատավարձի մասին խոսելիս Ֆաուսը նշեց. «Այդ պարոնի աշխատավարձը արդեն իսկ բարելավվել է այս տարվա ընթացքում, և ես չեմ հասկանում, թե ինչու այն պետք է կրկին վերանայվի»:

Երեկ Մեսսին երևի թե ամբողջ իր հասուն կարիերայի ընթացքում առաջին անգամ որևէ երևույթի կոպիտ արձագանքեց Ֆաուսի հայտարարությանը՝ պատասխանելով հետևյալ կերպ. «Ոչ ես, ոչ հայրս, ոչ էլ իմ շրջապատից որևէ մեկը ակումբից չի պահանջել իմ  աշխատավարձի բարձրացում: Պարոն Ֆաուսը պարզապես մեկն է, ով ոչինչ չի հասկանում ֆուտբոլից: Նա փորձում է «Բարսելոնան» ղեկավարել որպես բիզնես նախագիծ՝ չհասկանալով, որ Բարսան շատ ավելին է, քան պարզապես բիզնեսը»:

Իհարկե, այս ամենին կարելի է շարունակել վերաբերվել որպես «Մադրիդյան հարձակումներ», բայց չէ՞ որ Ֆաուսը մարդ է հենց թիմի միջից, և Մեսսիի անվան վերաբերյալ սկանդալներին այլևս բարդ է տալ «Մադրիդյան հարձակումներ» ձևակերպումը: Սրան եթե գումարենք Վալդեսի այն խոսքերը, որ «հանդերձարանում ամեն ինչ շարունակում է լավ մնալ, բայց նրանից դուրս՝ մենք կարծես պատերազմում լինենք», հասկանալի է դառնում, որ խնդիրը շատ ավելի լայն ճյուղեր ունի: Իսպանական ֆուտբոլի փորձագետ Գրեհեմ Հանթերը առաջինն էր, ով այս ամսվա սկզբին առաջ քաշեց այն «թեորեմը», որը օրեցօր ավելի ու ավելի է մոտենում իրականություն լինելուն, այն է՝ դավադրությունների հետևում կանգնած է ոչ այլ ոք, քան «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը:

Սակայն ի՞նչը կարող է ստիպել Ռոսելին արշավ սկսել մի խաղացողի դեմ, ով հավակնում է տիեզերքի կենտրոնի տիտղոսին: Լապորտա — Ռոսել հակամարտության մասին մենք անդրադարձել ենք այստեղ: Եվ ահա, կատալոնական լրատվամիջոցները, որոնց, իհարկե, ամբողջովին անկախ մամուլ դժվար է համարելը, վերջին օրերին ոչ ուղիղ տեքստով, բայց ակնարկում են այն, ինչի մասին առաջինը խոսեց Հանթերը:

Ռոսելը փորձում է դուրս գալ ավելի հաջողակ և սիրված Լապորտայի ստվերից և ստեղծել հենց իր թիմը: Այդ իսկ պատճառով նա, ինչպես Գվարդիոլայի դեպքում, հրապարակայնորեն յուրաքանչյուր առիթ կօգտագործի, որպեսզի Մեսսիին պաշտպանի «չարագործներից», բայց նրա խոսքերում, ինչպես և Գվարդիոլայի դեպքում էր, «չենք թողնի, որ նա հեռանան» աստիճանաբար վերածվում է «ամեն ինչ կանենք, որ նա չհեռանա», հետագայում նրան կարող են գումարվել «բայց» և շարունակություններ՝ այդ «բայցի» համար նախատեսված:

2016-ին կատալոնական թիմում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, որին եթե Լապորտան որոշի մասնակցել, ապա կհամարվի հաղթողի գլխավոր թեկնածու: Մինչ այդ՝ Ռոսելը, ըստ իր պատկերացման, արդեն ունի անհրաժեշտ աստղ՝ Նեյմարին, ով կարող է դառնալ իր թիմի կենտրոնը, իսկ Մեսսիի «հարկադրված» վաճառքը, որը ակումբին կարող է  բերել 250 մլն $-ի չափ գումար, կապահովի նոր մարզադաշտի վրա ծախսվելիք գումարի կեսը, ինչը կրկին, ըստ Ռոսելի, նրան թույլ կտա 2016-ին Լապորտայի դեմ պայքարել ՝որպես հավասարը հավասարի:

Հ.Գ. Այսօր իսկ Sport-ը տեղեկատվություն տարածեց այն մասին, որ Ռոսելը Մեսսիին պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել. թե որքան սերտ է Sport-ի և Ռոսելի կապը՝ կարելի է հասկանալ Ռոնալդինյոյի գործարքի իրագործման ժամանակ կատարված տեսաձայնագրություններից, որոնք տեղ էին գտել այդ տարիների Բարսայի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմում:

Նախորդ հոդվածը‘ԱՎԾ. 2013թ. նոյեմբերին տնտեսական ակտիվությունը նվազել է 10,3 տոկոսով’
Հաջորդ հոդվածը‘Սևանը ցանկանում են վերածել ձկնաբուծական գործարանի’