‘Մերկելը և Օրբանը վիճել են մարդասիրության թեմայով’

2518

Ամենից առաջ՝ մարդիկ, իսկ ազգային շահերը՝ հետո. Անգելա Մերկելը Վիկտոր Օրբանին հիշեցրել է, որ Եվրամիության քաղաքականության հիմքում մարդասիրության սկզբունքներն են:

Չորեքշաբթի բանակցությունների ընթացքում հերթական անգամ ակներև է դարձել, թե Գերմանիայի կանցլերը և Հունգարիայի վարչապետը որքան տարբեր մոտեցումներ ունեն միգրացիայի հարցերում:

«Հավանաբար՝ դա հենց այն է, ինչը բաժանում է մեզ; Մարդկայնությունը Եվրոպայի հոգին է: Եվ եթե մենք ուզում ենք պահպանել այդ հոգին, եթե Եվրոպան իր արժեքներով ցանկանում է կարևոր դերակատարում ունենալ աշխարհում, նա չի կարող անտեսել մարդկանց կարիքներն ու տառապանքները»,- ասել է Մերկելը:

Վիկտոր Օրբանը հակադարձել է նրան. մարդասեր կարելի է լինել նաև առանց «միգրանտների համար ձգողության գործոն ստեղծելու»՝ ի դեմս բաց եվրոպական սահմանների: «Այն մեղադրանքները, թե մենք համերաշխ չենք Գերմանիայի հետ, անարդար են: Ես ուզում եմ շեշտել. 8 հազար զինվորականներ 24 ժամ շարունակ սահմանին են՝ այն պաշտպանելով անլեգալներից, որոնք ցանկանում են հասնել Գերմանիա: Եթե հունգար զինվորականները չպաշտպանեին Սերբիայի կամ Խորվաթիայի սահմանները, ապա ամեն օր 4 կամ 5 հազար միգրանտ կժամաներ Գերմանիա: Մենք ձեզ ենք պաշտպանում: Հենց դա է համերաշխության արտահայտությունը»,- ասել է Օրբանը:

Մերկելը նաև նախատել է Օրբանին, որ նա հրաժարվում է ընդունել փախստականների, այդ թվում՝ հենց Հունգարիայի տարածքում գրանցվածներին ևս: Դրանով իսկ, գերմանական կանցլերի խոսքով՝ նա պատասխանատվությունը դնում է ԵՄ այլ պետությունների վրա:

Փոխանցում է euronews-ը:

 

Նախորդ հոդվածը‘Գ.Ծառուկանի թիկնազորի պետ Բաբայանը կալանավորվել է’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ N զորամասից հափշտակվել են ավտոպահեստամասեր. կատարվել են մի շարք խուզարկություններ (լուսանկարներ)’