Մերկելի հեռանալը հնարավորություն է Մակրոնի համար՝ դառնալու Եվրոպայի առաջնորդը

981

Անգելա Մերկելը հեռանում է՝ իշխանության ղեկին 16 տարի լինելուց հետո։ Այդ բոլոր տարիներին նրան անվանել են «ազատ աշխարհի կանցլեր», Եվրոպայի առաջնորդ և նույնիսկ, Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին՝ «ազատական Եվրոպայի վերջին պաշտպան»։

Սակայն Ֆրանսիան նույնպես պակաս ազդեցություն չի ունեցել եվրոպական քաղաքականության վրա, և հիմա, երբ Մերկելն այլևս իշխանության ղեկին չէ, Էմանյուել Մակրոնի համար հնարավորություն է ստեղծվում։

«Իմ առաջին հանդիպումը Անգելա Մերկելի հետ տեղի է ունեցել Մադրիդում եվրագոտու ճգնաժամի վաղ փուլում,- պատմում է Սթեթֆորդի համալսարանից Նայլ Ֆերգյուսոնը՝ նշելով, որ սկզբում չէր թվում, թե Մերկելը տիրական անձնավորություն է, իսկ լրագրողները հաճախ նրան  անճարպիկ էին անվանում։- Բայց մի քանի րոպե անց ես զգացի նրա՝ մի քիչ սարսափազդու աուրան։ Անգելա Մերկելը տանել չի կարողանում հիմարներին»։

Միջազգային հարաբերությունների եվրոպական խորհուրդը (ECFR) եվրոպացիներին հարցրել է․ եթե լիներ Եվրոպայի նախագահի պաշտոն, և միակ թեկնածուները լինեին Անգելա Մերկելը և Էմանյուել Մակրոնը, ապա ո՞ւմ կընտեիք։ Հարցվածների 41 %-ն ընտրել է Մերկելին, և ընդամենը 14 %-ը՝ Մակրոնին, մյուսները չեն կողմնորոշվել կամ ասել են, որ չեն գնա ընտրության։

Չնայած դրան՝ այժմ Մակրոնի համար ամենանպաստավոր պահն է։ Նա լիքը գաղափարներ ունի Եվրոպայի ապագայի վերաբերյալ։ Մինչդեռ Մերկելն այս անցումային շրջանում, երբ Գերմանիան նոր կանցլեր է ընտրում, ակնհայտորեն մտադիր չէ հեղափոխական ինչ-որ գաղափարներով հանդես գալ ԵՄ-ի զարգացման վերաբերյալ։

2022 թ․ Ֆրանսիան նախագահելու է ԵՄ-ում, և դա հրաշալի հնարավորություն է Մակրոնի համար՝ իր գաղափարներով վարակելու եվրոպացի գործընկերներին։

«Ով էլ դառնա Գերմանիայի կանցլերը, այդ մարդուն ժամանակ է հարկավոր՝ հեղինակություն ձեռք բերելու համար։ Այնպես որ, կարծում եմ, առաջիկա մի քանի տարիներին մենք գործ կուենանք «ֆրանսիական Եվրամիության հետ»»,- ասել է «Եվրոպական բարեփոխումների կենտրոնի» տօրեն Չարլզ Գրանտը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՌուսաստանը՝ աշխարհի թիմային չեմպիոն
Հաջորդ հոդվածըԸնտրություններ Վրաստանում․ Ընդդիմությունը քաղաքների համար պայքարի է պատրաստվում