‘Մեր գլխավոր խնդիրը ռեժիմի տապալումն է’

1616

Ռաֆայել Թեյմուրազյանը Facebook-ում գրում է.

«ՖԲ-իս լրահոսն ամեն օր լի է ինչ-որ նյարդային ստատուսներով: «Իշխանությունը» միշտ դրա համար բազում առիթներ ապահովում է: Մի օր բանակում զինվոր են սպանել, մի օր թոշակի հարց, մի օր՝ քաղբանտարկյալներ, տրանսպորտ, տաքսիներ, հղիներ, ՄՄ, էսօր էլ՝ գազ: 

Ինձ թվում է՝ ինչն անխուսափելի է, պետք է ոչ թե լարվել, նեղսրտել, սրտի եկածն ասել, այլ՝ պարզապես ընդունել ի գիտություն և նայել, թե ի՞նչ կարող ենք անել՝ վիճակը շտկելու համար: 
Գազի էս «պայմանագիրը» կոչվածը խայտառակություն է, բայց իրենք էլ գիտեն, մենք էլ գիտենք, որ ԱԺ-ն դակելու է, մի քիչ ղժղժալու ենք, անցնի-գնա, ինչպես արդեն բազմիցս եղել է (օտարալեզու դպրոցներ, ՀԱՊԿ զորքեր և այլն):

Իմ կարծիքով, եթե որևէ սխալ/հանցանք վերացնելի է, ուրեմն՝ վիճակն այնքան էլ ողբերգական չէ: Կոնկրետ գազի հարցով էս «պայմանագրի» գրեթե ամեն հոդված հակասության մեջ է մեր սահմանադրության հետ: Եթե վաղը ռեժիմը տապալվի, նոր իշխանությունը մեծ բարդություն չի ունենա օրինական ընթացակարգով ոչ ևս անել այս «պայմանագիրը»: Նույնը վերաբերում է նմանօրինակ այլ «պայմանագրերին»:

Մեր գլխավոր խնդիրը, ըստ այդմ, ռեժիմի տապալումն է: Մնացյալ բոլոր խնդիրները՝ գազ, ՄՄ, տրանսպորտ, թոշակներ, հանքեր և այլն, ռեժիմի գոյության հետևանք են: Հետևաբար մեր բոլոր ուժերը, ռեսուրսները, էներգիան պիտի ներդնենք հենց ա՛յս խնդրի լուծման գործում. տապալել Սերժ Սարգսյանի գլխավորած ռեժիմը: Չպիտի կենտրոնանանք այն անձանց/ուժերի վրա, ովքեր ռեժիմի կողքին չեն: Պիտի գուրգուրենք այն անձանց/ուժերին, ովքեր իրենց թիրախ են համարում ռեժիմն ու նրա պարագլուխ Սերժին: Ոչ թե Սերժին ու Լևոնին, Սերժին ու Պուտինին, այլ՝ Սերժին, միմիայն Սերժին: Որևէ այլ թիրախ ընտրողը կամ այլ խաղ է խաղում, կամ քյարփինջ է:

Անձնական համակրանք/հակակրանքները կամ ազնիվ մոլորությունները որևէ մեկին հետաքրքիր չեն, դրանից խնդրի էությունը չի փոխվում: Հայաստանն այսօր ունի մեկ գերագույն խնդիր, մեկ բարձրագույն նպատակ. ազատվել այս ռեժիմից: Եթե էս պրիզմայով նայենք, ավելի հասկանալի կլինի, թե ով ինչ հարց է լուծում, ում ուզածն ինչ է»:

Նախորդ հոդվածը‘Օբաման կարգելափակի Իրանի դեմ նոր պատժամիջոցները’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’