‘Մեր ժողովուրդն ազգովի պետք է պահանջի գլխավոր դատախազի հրաժարականը. Օսկանյանի փաստաբան ‘

1041

Օսկանյանը Հանթսմանների ընտանիքից «Սիվիլիթաս» հիմնադրամի կարիքների համար 1.427.000 դոլար է ստացել ու ավանդ է դրել, որից հետո 1.556.366 դոլար է փոխանցել «Սիվիլիթասին», այսինքն՝ ավելին է փոխանցել, քան ստացել է, և ո՞րն է այս դեպքում յուրացումը: Ինչպես փոխանցում է ilur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր, հոկտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Ինձ մնում է միանալ Նաիրա Զոհրաբյանի այն մտքին, որ մեր ժողովուրդն ազգովի պետք է պահանջի գլխավոր դատախազի հրաժարականը, այլ ելք չկա: Ներկայացվել է միջնորդագիր՝ առանց հիմնավորող փաստաթղթերի: Ի՞նչ է նշանակում՝ թող անմեղությունը ապացուցի, էլ անձեռնմխելիությունն ինչի՞ համար է», — հարցադրումներ արեց փաստաբանը:

«Սիվիլիթաս» հիմնադրամի փաստաբան Արթուր Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ նկարագրված հանգամանքները փողերի լվացման հետ այնքան ընդհանուր բան ունեն, ինչքան կեղծ դրամ արտադրելու հանցակազմի կամ կեղծ կոնյակի պատրաստման հետ: «Վճռաբեկ դատարանի որոշումից հետո հնարավոր է՝ դիմենք միջազգային ատյաններ՝ գործը բողոքարկելու», — ասաց նա:

Իրավական դաշտում 20 տարվա ներպետական և 10 տարվա փորձ ունեցող փաստաբան Նիկոլաս Կումջյանն էլ նշեց, որ յուրացման գործով հետաքննությունն անհնարին է առանց վստահորդի հետ խոսելու:
«Հանթսմանի հետ խոսելու համար որևէ կարիք չկա Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու: Եթե Հանթսմանը չպնդի, որ իր կամքին հակառակ է ծախսվել գումարը, հանցակազմի մասին խոսք լինել չի կարող», — ասաց Կումջյանը, ով գործը քաղաքական հետապնդում է համարում:

Նախորդ հոդվածը‘Who is Mkhitaryan’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի ընդդիմությունն ընտրություններում առաջատար է, սակայն քվեների տարբերությունը կրճատվում է’