‘«Մեր մահվան պատճառը էդ սրիկան է». Երևանում մայրը երեխայի վրա բենզին է լցրել և այրել ‘

2762

Այսօր՝ փետրվարի 9-ին, ժամը 05:00-ի սահմաններում Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գյուլիքեխվյան փողոցի թիվ 23/1 շենքի 48 բնակարանում հրդեհ է բռնկվել:

Shamshyan.com-ը հաղորդում է, որ հրշեջ-փրկարարները հենց կրակի միջից դուրս են բերել 47-ամյա Աննա Նահապետյանին և նրա 9-ամյա որդուն՝ Ֆրունզիկ Նահապետյանին, ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

News.am-ի թղթակցի հետ զրույցում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Գագիկ Մանուկյանն ասել է, որ մայրը երեխային ծեծել է, այնուհետև բենզինը լցրել վրան ու այրել:

Բժիշկը նշել է, որ նյարդավիրաբույժը վիրահատել է երեխայի գանգաթաղը, այժմ երեխան գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն ծանր է, գիտակցական էլեմենտներ կան: Դրանից բացի, երեխայի աջ ոտքն է այրված: Հիվանդանոց տեղափոխված երեխայի մոր մոտ էլ առկա են այրվածքներ. նրան ուղարկել են Այրվածքաբանության կենտրոն:

Հրշեջները մորն ու տղային դուրս բերելուց հետո մարել են կրակը, որից հետո տան պատին հայտնաբերել են երկտող, որտեղ գրված է. «Մեր մահվան պատճառը էդ սրիկան է»:

Հարևանները shamshyan.com-ի հետ զրույցում ասել են, որ կնոջ ամուսինն արտագնա աշխատանքի նպատակով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ կինն էլ ամեն անգամ ասում էր. «Վնասելու եմ տղայիս ու այնպես եմ անելու, որ եթե ամուսինս գա, ուրախություն չապրի, նա պիտի տղայիս չտեսնի»: 

Նախորդ հոդվածը‘Զինեդին Զիդան. «Նոյերը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, ով դարպասապահի խաղի մասին պատկերացումները նոր մակարդակի հասցրեց:… Այն, ինչ անում է Ռոնալդուն, բացառիկ է»’
Հաջորդ հոդվածը‘Կոնտեի ճակատագիրը կարող է վճռվել վաղը’