‘Մեքսիկայում կայացել է իշխանության փոխանցման արարողությունը նոր նախագահին’

888

Այսօր առավոտյան Մեխիկոյի ազգային պալատում կայացել է Մեքսիկայի նոր նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյին իշխանությունը փոխանցելու արարողությունը, հաղորդում է ria.ru-ն:  Ֆելիպե Կալդերոնը, որը լատինաամերիկյան այս երկիրը ղեկավարել է վերջին վեց տարիներին, պետության նոր ղեկավարին է հանձնել իշխանության լիազորությունները: Արարողությունը տեղի է ունեցել երկրի կառավարության երկու՝ հին և նոր կազմերի ներկայությամբ: Արարողությունից հետո Կալդերոնը լքել է նախագահական նստավայրը, իսկ Պենյա Նյետոն մնացել է, որպեսզի երդում տա այն նախարարների առջև, որոնց անունները հայտարարվել են արարողության մեկնարկից մի քանի ժամ առաջ: Նոր նախագահի պաշտոնակալության արարողության ձևական կողմը տեղի կունենա Մեքսիկայի կոնգրեսի շենքում, որտեղ ներկա կլինեն բոլոր պատգամավորները և սենատորները:

Պենյա Նյետոն ծնվել է 1966 թ., 1990-2000 թթ. մի շարք պաշտոններ է զբաղեցրել Մեխիկո նահանգի կառավարությունում, նահանգապետի պաշտոնում իրականացրել է ճանապարհաշինության, առողջապահության և կրթության ոլորտներին վերաբերող շատ նախագծեր: Պենյա Նյետոն հաղթել է 2012 թ. հուլիսին կայացած նախագահական ընտրություններում՝ ստանալով ընտրողների քվեների 38,21 %-ը: 

Նախորդ հոդվածը‘Ծանուցումներ՝ պատահական մարդկանց անուններով’
Հաջորդ հոդվածը‘Բարոզուն հանդիպել է հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ’