‘Մեքսիկայում մտադիր են ապամոտնաժել Ալիեւի արձանը. Բաքուն վրդովված է ‘

899

Մեքսիկայում Ադրբեջանի դեսպան Իլգար Մուխտարովը հայտարարել է, որ Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում Հեյդար Ալիեւի արձանն ապամոնտաժվելու դեպքում, իրենք կդիմեն դատարան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, մեքսիկական «Ռեֆորմա» թերթն այդ առնչությամբ գրում է, որ Մուխտարովը հղում է կատարել Ադրբեջանի կառավարության հետ 2011 թ-ի օգոստոսի 26-ին կնքված պայամագրին, ըստ որի` Ալիեւի արձանը պետք է դրվեր Չապուլտեպեկ անտառում Ադրբեջանի կողմից այգու բարեկարգման դիմաց: Մեքսիկական La Razon թերթին տված հարցազրույցում դեսպանն սպառնացել է. «Եթե Մեխիկոյի քաղաքապետարանը որոշի հանել արձանը, ապա Ադրբեջանը կխզի Մեքսիկայի հետ դիվանագիտական հարաբերությունները, կփակի դեսպանատունը եւ կդադարեցնի 4 մլրդ դոլարի ներդրումները, ինչը, նրա կարծիքով` «ամոթ կլինի մեքսիկացիների համար»: 

Դեսպանը հայտարարել է, որ իրենք «դրական արդյունք չեն ակնկալում հատուկ այդ հարցով ստեղծված պետական հանձնաժողովից», քանի որ հենց սկզբից «ակնհայտ է եղել նման հանձնաժողովի ստեղծման նպատակը», եւ որ հանձնաժողովի որոշ անդամներ ի սկզբանե դեմ են եղել Ալիեւի արձանի տեղադրմանը: «Ինձ համար կարեւոր է, թե ինչ որոշում կընդունի Մեքսիկայի վարչապետ Մարսելո Էբրարդը, քանի որ դրանից է կախված Ադրբեջանի եւ Մեքսիկայի միջեւ հարաբերությունները», -ասել է Մուխտարովը:

Հեյդար Ալիեւի արձանի Մեխիկոյում տեղադրելու համար Ադրբեջանի կառավարությունը 5 մլն դոլար է ծախսել` Մեքսիկայի մայրաքաղաքում երկու այգիների բարեկարգման վրա, որից հետո միայն տեղի իշխանությունները թույլատրել են այնտեղ տեղադրել Ալիեւի արձանը: Այս տարվա աշնան սկզբին Մեխիկոյում մի քանի բողոքի ակցիաներ են անցկացվել, որի մասնակիցները հայտարարել են, որ չեն ցանկանում իրենց մայրաքաղաքում հերոսների հուշարձանների կողքին տեսնել հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող երկրի բռնապետ ղեկավարի արձանը:

Ամերիկյան «Նյու Յորք Թայմս» թերթը որոշ ժամանակ առաջ գրել էր, որ Մեխիկոյի իշխանությունները հասկացել են Ալիեւի արձանը կանգնեցնելու իրենց սխալը եւ փորձում են «հարթել» հարցը:

Սեպտեմբերին Կանադայի Նիագարա օն զե Լեյկ քաղաքի իշխանություններն ապամոնտաժել էին մեկ տարի առաջ կանգնեցված Հեյդար Ալիեւի կիսանդրին` համարելով, որ այն դիկտատուրայի հուշարձան է:

 

Նախորդ հոդվածը‘Հնդկաստանը բողոքում է չինական նոր անձնագրերի ձեւավորումից ‘
Հաջորդ հոդվածը‘«Հարսնաքարի» գործով տուժող. Խառը ծեծում էին՝ ամեն մեկի վրա հինգ-վեց հոգի լցված’