‘ՄԻԵԴ դատավորի մրցույթին առաջադրվել է 2 թեկնածու ‘

1273

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնի համար հայտարարված երկրորդ մրցույթին մասնակցելու՝ թեկնածուների գրանցման համար հայտարարված ժամկետի ավարտին մնացել է ընդամենը 5 օր: Սակայն առաջադրվել է ընդամենը 2 թեկնածու: Առաջադրված 2 թեկնածուներն էլ դատավոր են, երկուսն էլ կին:

Ինչպես «Փաստինֆոն» տեղեկացել է Արդարադատության նախարարությունից, առաջադրված երկրորդ թեկնածուն Լիանա Հակոբյանն է: Նա իրավաբանական գիտությունների թեկնածու է: 2013 թվականի դեկտեմբերի 12-ին նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:

 Մինչ այդ՝ 1996 թվականից, աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանում՝ որպես աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջին կարգի մասնագետ, դատավորի օգնական, աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության պետ:

Առաջադրված առաջին թեկնածուն Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լիզա Գրիգոյանն է:

 Անցյալ տարի կազմակերպված մրցույթին առաջադրված 2 թեկնածուներն էլ չէին մասնակցել:

Նախորդ մրցույթի մասնակիցներից նոր մրցույթին մասնակցելու ցանկության մասին մինչ այժմ հայտարարել է միայն իրավաբան Արա Ղազարյանը, ով, հիշեցնենք, նախորդ մրցույթի 3 հավակնորդներից մեկն է: Սակայն նա առայժմ պաշտոնապես չի դիմել Արդարադատության նախարարությունում գործող մրցութային հանձնաժողովին:

Ինչպես հայտնի է անցյալ մրցույթին հանձնաժողովը ամեն ինչ արեց, որ հայտնի իրավաբան Վահե Գրիգորյանը չհայտնվի 3 հավակնորդների թվում և նոր մրցույթի թիվ մեկ հարցн այս պահի դրությամբ՝ կառաջադրի արդյո՞ք Վահե Գրիգորյանը իր թեկնածությունը: iLur.am-ին այսօր չհաջողվեց կապ հաստատել Գրիգորյանի հետ:

Նախորդ հոդվածը‘Պերմյակովին Հայաստանին հանձնելու պահանջով բողոքի ակցիան ավարտվեց (ֆոտո)’
Հաջորդ հոդվածը‘Ծառուկյանը $100.000 է խոստացել Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկողների մասին տեղեկատվության համար’