‘ ՄԻԵԴ-ը բավարարել է Ցեղասպանությունը ժխտող թուրք գիտնականի հայցը’

1150

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սխալ է ճանաչել շվեյցարական դատարանի վճիռը, որով  Հայոց ցեղասպանության փաստը ժխտած թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեկը մեղադրվել էր ռասայական խտրականության մեջ, փոխանցում է «Նովոստի Արմենիա» գործակալությունը ` հղում անելով РИА-Новости-ին:

ՄԻԵԴ վճռի տեքստի համաձայն, իրավագիտության դոկտոր եւ Թուրքիայի բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեկը 2005-ին մասնակցել է Շվեյցարիայում ընթացող տարբեր խորհրդաժողովների, որոնց ընթացքում հրապարակավ ժխտել է Հայոց ցեղասպանության փաստը:

Հայ-շվեյցարական ընկերակցության հայցով 2007-ի մարտին Լոզանի դատարանը  Փերինչեկին իր հայտարարությունների համար դատապարտել է` պարտադրելով մի քանի տասնյակ հազար եվրո տուգանք վճարել:

Փերինչեկը բողոքարկել է վճիռը` պահանջելով հավելյալ ուսումնասիրություններ անցկացնել, սակայն նույն տարվա հունիսին վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողնել վճիռը` համարելով, որ հայերի ցեղասպանությունը, ինչպես եւ հրեաներինը, անհերքելի պատմական փաստ է: Վճիռն անփոփոխ է թողել նաեւ Շվեյցարիայի գերագույն` Դաշնային դատարանը:

Փերինչեկը ՄԻԵԴ է դիմել` վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7 (պատիժը` բացառապես օրենքի հիման վրա) եւ 10 (կարծիքի ազատ արտահայտում) հոդվածները:

ՄԻԵԴ-ը, քննելով բողոքը, բավարարել է այն 10-րդ հոդվածի հիման վրա, ընդ որում, հայցվորին դրամական փոխհատուցում չի նշանակվել:

 

Նախորդ հոդվածը‘Կուսակցությունների ներկայացուցիչների ելույթները Ազատության հրապարակում. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Մուտքը Փհենյան փակ է, փողոցներում ստուգուներ են անցկացվում’