‘ՄԻԵԴ-ը օրինական է ճանաչել Ֆրանսիայում նիկաբ կրելու արգելքը’

920

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ Ֆրանսիայում հասարակական վայրերում նիկաբ, փարաջա և դեմքը ծածկող այլ պարագաներ կրելու արգելքը չի հակասում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Այդ մասին իր Twitter-ում հաղորդել է ՄԻԵԴ մամլո ծառայությունը:

Հասարակական վայրերում դեմքը ծածկելու արգելքը Ֆրանսիայում ուժի մեջ է մտել 2011 թ.: Հենց այդ ժամանակ էլ մի երիտասարդ ֆրանսուհի հայցով դիմեց Եվրոպական դատարան: Կինը չէր նշել իր անունն ամբողջությամբ, այլ ստորագրել էր միայն անվան և ազգանվան սկզբնատառերով: Նա նշել էր, որ արգելքը ոտնահարում է իր իրավուքները:

Ֆրանսիայում հասարակական վայրերում դեմքը ծածկող պարագաներով հայտնվող կանայք  պետք է մինչև 150 եվրո տուգանք վճարեն:

Դատարան դիմած կինը պնդում էր, որ նման միջոցները սեռային, կրոնական և էթնիկական հատկանիշներով խտրականության դրսևորում են: Նա իրեն անվանել էր օրինակելի մուսուլմանուհի և հավաստիացրել, որ դեմքը ծածկում է սեփական ցանկությամբ, այլ ոչ թե ազգականների ճնշման տակ:

Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանը մերժել է կնոջ բոլոր հիմնավորումները և պարզաբանել, որ համապատասխան օրենքն ընդունվել է ոչ թե որոշակի կրոնի վերաբերող հագուստն արգելելու նպատակով, այլ քաղաքացիներին թույլ չտալու՝ փակել դեմքը, որը ժամանակակից հասարակությունում հաղորդակցության հիմնական տարրերից մեկն է: Փոխանցում է Interfax-ը: 

Նախորդ հոդվածը‘Բեռլինի ոստիկանությունը փոխել է դպրոցի շենքը գրոհելու որոշումը’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանյան դատարանը հեռակա կարգով կալանել է Դնեպրոպետրովսկի նահանգապետին’