‘ՄԻԵԴ-ի դատավորի մտահոգիչ ընտրությունները ԵԽԽՎ-ն համարել է չափորոշիչներին համապատասխանող’

1080

Պաշտոնական Ստրասբուրգը հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետությունից առաջադրված թեկնածուների ցանկը: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը երեկ պաշտոնապես թեկնածուներին տեղեկացրել է, որ Ստրասբուգում նրանց հետ հարցազրույցը նշանակված է 2015թ. հունվարի 16-ին: Այս մասին գրում է hetq.am-ը և մանրամասնում, որ թեկնածուներին հարցազրույցի հրավիրելը նշանակում է, որ եվրոպական կառույցները Հայաստանում դատավորների ընտրության մրցույթը համարել են ԵԽԽՎ-ի ընդունած չափորոշիչներին համապատասխանող, հակառակ դեպքում` կմերժեին առաջադրված թեկնածուներին և կհրահանգեին նոր մրցույթ կազմակերպել: Առաջադրված երեք թեկնածուներից թե ով կզբաղեցնի դատավորի պաշտոնը` հայտնի կդառնա հունվարի 28-ին նշանակված ԵԽԽՎ-ի նիստում:

Հիշեցնենք, որ մրցույթին իբրև դիտորդ ներգրավված «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն անընդունելի էր համարում մրցույթի արդյունքները և հայտարարեց, որ մրցույթն անց է կացվել սահմանված չափորոշիչների էական խախտումներով: «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության գործընթացը մտահոգություններ է հարուցում` կապված մրցութային հանձնաժողովի գործելաոճի հետ»,- հայտարարել էր կազմակերպությունը:

Մրցույթի արդյունքների վերաբերյալ հայտարարություն տարածեցին նաև մի խումբ հ/կ-ներ և անհատ փաստաբաններ: «Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում մրցույթի հարցազրույցի փուլում հանձնաժողովի ոչ թափանցիկ և կամայական գործելաոճի կապակցությամբ»,- ասվում էր հայտարարության մեջ:

Նախորդ հոդվածը‘ՀՀ ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է, ճանապարհները անցանելի են ‘
Հաջորդ հոդվածը‘Պոլ Պոգբա. «Իմ հասցեին անվայել արտահայտություններ բղավողները պարզապես անշնորհք են»’