‘ՄԻԵԴ-ում կայացավ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումը’

879

Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատում կայացավ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումը։

Ինչպես տեղեկացնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, գործով հայցվորը նշում է, որ ինքը ստիպված է եղել լքել իր տունը 1992թ-ին Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով։  ՄԻԵԴ  դիմումատուն եղել է 1929թ-ին ծնված Մինաս Սարգսյանը, ով մահացել է 2009թ-ին։ Մինաս Սարգսյանի որդին և դուստրը ճանաչվել են գործով իրավահաջորդներ։ Հայցվոր կողմը ներկայացնում էին Ֆիլիպ Լիչը, Նարինե Գասպարյանը, Արման Ալոյանը և  Վահե Գրիգորյանը։

Ֆիլիպ Լիչը ներկայացնելով գործը՝ ասաց, որ Մինաս Սարգսյանը և նրա ընտանիքը ապրել են Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում ՝ երկհարկանի առանձնատանը՝ իր հարակից շինություններով։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում  պատերազմի ժամանակ Գյուլիստանը ռմբակոծվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից և գյուղի ողջ բնակչությունը՝ ներառյալ դիմումատուն և նրա ընտանիքը, լքել են Գյուլիստանը՝ փրկվելու համար, այնուհետև  հնարավորություն չեն ունեցել հետ վերադառնալ։

Ինչպես նշեց Լիչը, Ադրբեջանն ընդունում է, որ Գյուլիստանը գտնվում է իր հսկողության տակ և այս պարագայում նա պարտավոր է ապահովել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով հաստատված սեփականության իրավունքը, այնպես, ինչպես ՄԻԵԴ նախադեպային՝  Իլասկուն ընդդեմ Մոլդովայի գործի դեպքում։ Սակայն մինչ այժմ Ադրբեջանը ոչինչ չի արել հայցվորների իրավունքների պաշտպանության համար։

Դիմումատուի բողոքը ՄԻԵԴ-ում այն է, որ նա ստիպված տեղահանվել է Գյուլիստանից, և Ադրբեջանի կառավարությունը շարունակում է մերժել նրան՝ թույլ չտալով վերադարձնել իր ունեցվածքն ու տունը։

Դիմումատուն հենվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի, այն է սեփականության պաշտպանություն, 8-րդ հոդվածի՝ անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի հարգում, և 13-րդ հոդվածի՝ արդյունավետ պաշտպանության իրավունքի վրա։

Սարգսյանների կողմը՝  հենվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա, այն է անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելում, 8-րդ և 9-րդ հոդվածների վրա՝  կրոնի ազատություն,  բողոքում է  Ադրբեջանում հայկական գերեզմանատների նկատմամբ վանդալիզմից և ոչնչացումից։ Սագսյանների ներկայացուցիչ Նարինե Գասպարյանը նշեց, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է հոգ տաներ նաև Գյուլիստաում գտնվող հայցվորների ազգականների գերեզմանների մասին, այնինչ արվել է ճիշտ հակառակը՝  գերեզմաններն ավիրվել և վանդալիզմի են ենթարկվել։

«Սարգսյաններն ընդդեմ Ադրբեջանի» գործով, ըստ հայցվոր կողմի,  խախտվել է նաև կոնվենցիայի 14-րդ հոդվածը՝ այն է  խտրականության արգելում։ Սարգսյանների կողմը պնդում է, որ Ադրբեջանում ապրող միայն էթնիկ հայերն էին դառնում բռնության թիրախ և Ադրբեջանի կառավարությունը «չէր կարողանում» հետաքննել հայերի նկատմամբ հարձակումները կամ տրամադրել համապատասխան փոխհատուցում՝ նրանց սեփականությունն անօրինական զբաղեցնելու համար, ինչպես նաև հայկական գերեզմանների ոչնչացման համար։

Հայցվորները պահանջում են՝ հնարավորություն տալ իրենց վերադառնալ Գյուլիստան և ստանալ համապատասխան փոխհատուցում։

ՄԻԵԴ-ում «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով որպես երրորդ կողմ ներգրավված Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանն  անդրադարձավ կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածին՝ ասելով, որ Հայաստանի կառավարությունը ևս պնդում է, որ տեղի է ունեցել հայցվորների իրավունքների խախտում։ Գյուլիստանը, որտեղ ապրել են Սարգսյանները, գտնվում է Ադրբեջանի ամբողջական վերահսկողության տակ։

Ինչպես նշեց ՀՀ կառավարության ներկայացուցիչը, հայկական եկեղեցիները և գերեզմանները վանդալիզմի են ենթարկվում և պատասխանող կողմն այս առումով որևէ հակափաստարկ չի ներկայացրել։ Գևորգ Կոստանյանը դատարանին առաջարկեց այս առումով իրականացնել հետազոտական առաքելություն, որը կօգնի նրան գործով որոշում կայացնելու համար։

Հայաստանի կառավարությունը ևս պնդում է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում և որ խտրականության հիմքով են Ադրբեջանի կողմից իրականացվել բռնություններ կոնկրետ էթնիկ հայերի նկատմամբ, ինչի վառ ապացույցն էլ Ռամիլ Սաֆարովի կողմից Գուրգեն Մարգարյանի կացնահարումն էր, ով հերոսացվեց Ադրբեջանում։

ՄԻԵԴ-ում գործով պատասխանող կողմ հանդիասցող Արբեջանի կառավարության ներկայացուցիչների հիմնական պնդումներն այն են, որ Ադրբեջանը չունի ամբողջական վերահսկողություն Գյուլիստանում, քանի որ այն գտնվում է հայ-ադրբեջանական շփման գծում և տարածքը ականապատված է։ Այս հիմքով ադրբեջանական կառավարությունը նշում է, որ տարածքը խիստ վտանգավոր է քաղաքացիների համար և կառավարությունը չի կարող ապահովել այնտեղ բնակվող քաղաքացիների անվտանգությունը։   Նշենք, որ Սարգսյանների կողմից ընդդեմ Ադրբեջանի հայցը ՄԻԵԴ բերվել է 2006թ-ի օգոստոսի 11-ին։

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը Ռոբերտ Նազարյանի միջոցով սխալ հանեց ՀՀԿ-ականներին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Նախարար. ՄՄ-ին անդամակցելու դեպքում մաքսատուրքերի ընդհանուր առավելագույն բարձրացումը կկազմի 140-145 մլն դոլար’