‘Միթ Ռոմնին մտադիր չէ մասնակցելու ԱՄՆ նախագահի հերթական ընտրություններին’

830

Հանրապետական Միթ Ռոմնին, որը 2012 թ. նախագահական ընտրարշավում Օբամայի մրցակիցն էր, հայտարարել է, որ մտադիր չէ մասնակցել հերթական ընտրություններին: «Ես մտադիր չեմ մասնակցելու ընտրություններին: Իմ ժամանակն անցել է»,- հայտարարել է Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Ռոմնին  ամերիկյան Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նա խոստովանել է, որ 2012 թ. ընտրարշավի ընթացքում մի շարք սխալներ է թույլ տվել, որից հմտորեն օգտվել է Օբամայի շտաբը:

Միևնույն ժամանակ՝ Ռոմնին հայտարարել է, թե չի կասկածում, որ ինքն ավելի արդյունավետ նախագահ կլիներ, քան Օբաման է, պարզաբանելով, որ Սպիտակ տան ներկայիս տերը չկարողացավ լուծել գործազրկության խնդիրը, բացի այդ՝ նա անհաջող արտաքին քաղաքականություն է իրականացնում:

Հանրապետական կուսակցությունից 2016 թ. նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուներն են՝ Ֆլորիդային նախկին նահանգապետ Ջեբ Բուշը՝ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի եղբայրը, Թեքսասի նահանգապետ Ռիք Պերին, սենատորներ Ռենդ Փոլը, Մարկո Ռուբիոն, Թեդ Քրուզը և այլն:

Դեմոկրատական կուսակցությունից ամենահավանական թեկնածուներն են ԱՄՆ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը և փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: Երկուսն էլ առայժմ չեն հայտարարել իրենց մասնակցության մասին: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը և ԱՊԼ-ն կոչ են անում պայքարել «Իսլամական պետության» դեմ’
Հաջորդ հոդվածը‘Շոտլանդիայի առաջին նախարար. Բրիտանիայի իշխանությունները խուճապահար են’