‘«Միլանը» վերադառնում է (տեսանյութ)’

934

Ֆուտբոլը մնում է թիվ մեկ մարզաձեւը: Այն շարունակում է միլիոնավոր երկրպագուների ուրախություն պատճառել: Առաջին հերթին՝ իր անկանխատեսելիությամբ, գեղեցիկ պահերով, դրամատիզմով, զգացմունքների առատությամբ: Այն ամենով, ինչի ականատեսը դարձանք Միլանի «Սան-Սիրո» մարզադաշտում՝ «Միլանի» կատարմամբ եւ «Բարսելոնայի» պարտությամբ:

Թերեւս, մարզասերների 99 տոկոսը ավելի քան համոզված էր, որ աշխարհի ուժեղագույն ակումբը, հզոր, սարսափելի «Բարսելոնան» եթե չջախջախի, ապա առնվազն կհաղթի մրցակցին, որը այս մրցաշրջանում հազիվ-հազիվ կարողացել է ոտքի կանգնել: Կորցնելով իր առաջատարներին՝ Իբրահիմովիչին, Սիլվային, հին գվարդիայի գրեթե բոլոր խաղացողներին, փոխարենը երեկվա պատանիներին բերելով, «Միլանը» այս մրցաշրջանում նույնիսկ Իտալիայի առաջնությունում չէր կարողանում մրցակցել հավակնորդների հետ, ուր մնաց՝ «Բարսելոնայի»:

Իսկ «Միլանը« վերցրեց եւ հաղթեց «Բարսելոնային»: Բոլոր առումներով գերազանցեց կատալոնյան ակումբին: Առաջին հերթին՝ հաղթանակի անզուսպ ցանկությամբ: Բացառիկ կարգապահությամբ: Միլանցիները խաղադաշտում պատրաստ էին մեռնել ամեն դրվագում, իրենց չէին խնայում գնդակի համար պայքարում` դաշտի ցանկացած հատվածում: Այս «Միլանը» ցույց տվեց, որ անհաղթահարելի թիմեր չեն լինում, որ նույնիսկ Մեսին, Ինյեստան, Չավին կարող են ընկրկել նման նման տղաների առջեւ, որոնց աչքերից կրակ էր թափում:

«Բարսելոնան» ըստ էության, ոչնչով աչքի չընկավ: Սա, թերեւս թիմի ամենադժգույն խաղն էր այս մրցաշրջանում: Դժվար է ասել, թե ինչով էր սա պայմանավորված: Ինչ որ տեղ՝ Տիտո Վիլանովայի բացակայությամբ: Ինչ որ տեղ՝ հոգնածությամբ. ի վերջո, շատ ծանր գրաֆիկով է թիմը հանդես գալիս փետրվարին: Սակայն գլխավոր պատճառը թերեւս այն էր, որ թիմը պարզապես պատրաստ չէր «Միլանի» հետ խաղին: Թե հոգեբանորեն, թե տակտիկապես եւ թե ֆիզիկապես:

Ասվածի վառ վկայությունն այն է, որ «Բարսելոնան» ամբողջ խաղի ընթացքում նույնիսկ մեկ գոլային պահ չստեղծեց, ավելին՝ դարպասի ուղղությամբ անգամ հարված չկատարեց, նրա բոլոր գրոհները միօրինակ էին, բավական դանդաղ էին զարգանում, մարում մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում: Շատ հաճախ կատալոնացիները առջեւում գնդակ ստանալով, պարզապես չգիտեին, թե ինչ անեն: Միլանցիները անընդհատ պրեսինգի էին ենթարկում «Բարսայի» աստղերին, փակում բոլոր գոտիները՝ կատալոնացիներին ազատ գործելու նույնիսկ վայրկյան չթողնելով: «Բարսելոնան» մրցակցի ընտրած մարտավարության դեմ հակաթույն չուներ: Աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստ Մեսին պարզապես չէր երեւում: Եվ չի կարելի ասել, թե նրան անհատապես հսկում էին: Ընդ որում, այս մրցաշրջանում սա ընդամենը երկրորդ խաղն էր, որտեղ Մեսին դարպասին ոչ մի հարված չի կատարել: Առաջինը Իսպանիայի Գավաթի հանդիպումն էր «Ռեալի» հետ:

Այո, «Միլանի» առաջին գոլը բավական վիճելի հանգամանքներում ծնվեց: Ձեռքով խաղ կար այդ դրվագում: Բայց ամոթ կլինի կատալոնացիների համար, եթե իրենց պարտության պատճառների մեջ դա նշեն:

 «Միլանը» բացառիկ արդյունքի հասավ՝ տանելով տպավորիչ եւ փայլուն հաղթանակ: Պետք է ծափահարել իտալական ակումբին՝ նման ֆուտբոլի համար եւ առանձին ծափահարել նրա մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին, որը այսպիսի թիմ է ստեղծել՝ ունենալով բազմաթիվ խնդիրներ: «Միլանը» այս հաղթանակով վերականգնեց գրանդ ակումբի իր կարգավիճակը: «Միլանը» վերադառնում է՝ նոր բարձունքներ նվաճելու համար:

«Բարսելոնան» պարտվեց 0:2 հաշվով եւ այժմ երեք շաբաթ ժամանակ ունի, այս պարտության պատճառները վերլուծելու, սխալները շտկելու եւ համապատասխան եզրակացություններ անելու համար: «Կամպ Նոու» մարզադաշտում մեզ սպասվում է չափազանց հետաքրքիր պատասխան հանդիպում, որին այժմ ամբողջ աշխարհը անհամբերությամբ է սպասելու:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում 

«Միլան» — «Բարսելոնա»՝ 2:0

Կեւին-Պրինց Բոատենգ, 57, Սալի Մունտարի, 81

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ փետրվարի 21-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘«Թագ փոխանցելու» ծրագի՞ր. Մամուլ’