‘Միլիտարիզացիայի Գլոբալ ինդեքսում Հայաստանը չորրորդն է’

864

Աշխարհի ամենամիլիտարիզացված երկրների ցանկում Հայաստանը զբաղեցնում է 4-րդ տեղը, գրում է «Կոմերսանտ-Ուկրաինա» պարբերականը՝ հղում կատարելով Բոննի կոնվերսիայի միջազգային կենտրոնի միլիտարիզացիայի Գլոբալ ինդեքսի ամենամյա տվյալներին (Global Militarization Index 2013):

Հաշվետվությունը բերում է 2012 թվականի տվյալները, որոնց համաձայն՝ միլիտարիզացիայի Գլոբալ ինդեքսում ընդգրկված է 150 երկիր: Երկրները գնահատվում են ըստ ռազմական ոլորտին հատկացված ծախսերի` ՀՆԱ նկատմամբ տոկոսային հարաբերակցությամբ, այդ ոլորտի զբաղվածության մակարդակով (բնակչության թվաքանակից), ինչպես նաև ծանր զինամթերքի քանակով (նույնպես՝ ըստ բնակչության):

Ցանկը գլխավորում է Իսրայելը (794 միավոր), որին հաջորդում են Սինգապուրը և Ռուսաստանը: Վարկանիշի առաջին տասնյակում են այն պետությունները, որոնց տարածքում տեղի են ունենում ռազմական հակամարտություններ: Մասնավորապես, Հայաստանը 4-րդ տեղում է, Ադրբեջանը` 8-րդ տեղում, Սիրիան` 5-րդ տեղում, Հորդանանը` 6-րդ տեղում, իսկ տասնյակը եզրափակում է Քուվեյթը:

Ընդ որում՝ Հյուսիսային Կորեան, որն ունի աշխարհում ամենախոշոր բանակներից մեկը, հայտնվել է 7-րդ տեղում, իսկ 9-րդ տեղում է Կիպրոսը` թուրքերի ու հույների միջև անընդհատ տեղի ունեցող բախումների պատճառով:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի բանկերը, աննշան ծավալով մեծացնելով կորպորատիվ վարկավորումը, շարունակում են նվազեցնել մանրածախ վարկավորման տեմպերը’
Հաջորդ հոդվածը‘2014-2017թթ. Համաշխարհային բանկը կարող է Հայաստանին տրամադրել 843 մլն դոլար’