‘Միխալ Բիլեկ. Հայաստանի հավաքականը նշանակալի արդյունքների է հասնում սեփական հարկի տակ’

1048

2014թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում մարտի 26-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն անցկացնելու է իր այս տարվա առաջին պաշտոնական հանդիպումըՄրցակիցը Չեխիայի ազգային ընտրանին է: Խաղի նախաշեմին Մեդիամաքսը զրուցել է Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկի հետ:

Հաշված օրեր անց Չեխիայի հավաքականը միանգամից երկու պաշտոնական հանդիպում է անցկացնելու Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Ինչպիսի՞ն են տրամադրությունները թիմում:

— Կարծում եմ, մենք շատ ավելի լավ իրավիճակում ենք, քան աշնանը, երբ բազմաթիվ վնասվածք ստացած ֆուտբոլիստներ ունեինք: 

Ինչպիսի՞ն է, Ձեր կարծիքով, իրավիճակը Բ խմբում, եւ ու՞մ եք համարում ձեր գլխավոր մրցակիցը:

-Բոլորն էլ Իտալիայի ազգային ընտրանուն են համարում Բ խմբի ֆավորիտը: Մնացած բոլոր թիմերը, բացառությամբ Մալթայի, շանսեր ունեն:

Դանիայի եւ Հայաստանի հավաքականների հետ հանդիպումներին ընդառաջ Չեխիայի թիմի կազմում արմատական փոփոխություններ նախատեսու՞մ եք:

— Նախկինում վնասվածք ստացած Թոմաշ Ռոսիցկին, ով շատ կարեւոր ֆուտբոլիստ է, վերադարձել է թիմ:

Ի՞նչ է ակնկալում Չեխիայի ազգային ընտրանու մարզիչը երեւանյան խաղից:

— Նախ` մարտի 22-ին, սեփական հարկի տակ ընդունելու ենք Դանիայի ազգային ընտրանուն, որից հետո մարտի 26-ին արտագնա խաղում հանդիպելու ենք Հայաստանի հավաքականի հետ: Ամեն ինչ կախված է Դանիայի հավաքականի խաղի արդյունքից եւ դրա արդյունքում ստեղծված տրամադրություններից: Առաջիկա երկու հանդիպումներում վաստակած ցանկացած միավոր չափազանց կարեւոր է լինելու: Մեր գլխավոր նպատակն է հաղթահարել ընտրական փուլի արգելքը եւ մասնակցել 2014 թվականի աշխարհի առաջնությանը:

Պարոն Բիլեկ, հասցրե՞լ եք ուսումնասիրել Հայաստանի ազգային ընտրանու խաղը:

— Հայաստանի ազգային հավաքականն ուժեղ թիմ է: Նա ապացուցել է իր հզորությունը՝ ընտրական նախորդ փուլում վստահ հաղթանակ տանելով Սլովակիայի թիմի նկատմամբ: Հատկապես սեփական հարկի տակ հանդիպումներում Հայաստանի հավաքականը նշանակալի արդյունքների է հասնում:

Երկու ոչ ոքի եւ մեկ հաղթանակ: Չեխիայի հավաքականի համար սա նորմա՞լ արդյունք է

— Աշնանը մեծ կորուստներով մեկնարկեցինք որակավորման փուլում: Բացակայում էին գրեթե բոլոր հիմնական հարձակվողները: Եթե սա հաշվի առնելով վերլուծենք ձեռք բերածը, կտեսնենք, որ Դանիայի հետ ոչ ոքին դրական արդյունք է, բայց, մյուս կողմից, Բուլղարիայի հետ սեփական հարկի տակ ոչ ոքի խաղալով՝ երկու միավոր կորցրեցինք:

Ի՞նչ ոճի ֆուտբոլ պետք է ակնկալել Չեխիայի ազգային ընտրանուց Դանիայի եւ Հայաստանի հետ առաջիկա երկու խաղերում

— Վերջին երկու ընկերական հանդիպումները` անցած տարվա նոյեմբերին Սլովակիայի, եւ այս տարի` Թուրքիայի հավաքականների հետ, ցույց տվեցին այն ոճը, որով մենք սիրում ենք խաղալ: Միշտ մրցակցից է կախված, թե արդյոք խաղաոճը ճի՞շտ է կռահվել, թե՞ ոչ:  

Յան Կոլեր, Պավել Նեդվեդ, Կարել Պոբորսկի, Միլան Բարոշ. համաշխարհային մեծության աստղեր, ովքեր ավարտել են ելույթները Չեխիայի ազգային հավաքականի կազմում: Որքա՞ն ժամանակ է Ձեզ անհրաժեշտ նոր թիմ կառուցելու համար, որտեղ նախկին աստղերի տեղը թափուր չի մնա

— Վերջին շրջանում մենք համաշխարհային մեծության աստղեր չունենք: Չեխիայի նման փոքր երկրում շարունակաբար համաշխարհային մեծության աստղեր աճեցնելն անհնար է: Դա մի շարք պատճառներ ունի: Բայց այսօր ունենք մի շարք երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր կարող են ապագայում աստղեր դառնալ: 

Չեխիայի հավաքականից եւ ոչ մի ֆուտբոլիստ ընտրական փուլի մեկնարկից մինչ օրս դեղին կամ կարմիր քարտ չի ստացել: Ո՞րն է գաղտնիքը:

— Դետալները փոխում են ֆուտբոլը: Խաղադաշտում զգուշացումներ ստանալը թուլացնում է թիմին: Այդ է պատճառը, որ մենք փորձում ենք խաղալ առանց քարտեր ստանալու: 

Նախորդ հոդվածը‘Լևոն Իգիթյան. Բոշայություն եմ համարում քաղաքի կենտրոնում վրան դնելը’
Հաջորդ հոդվածը‘Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի’