‘Միխայել Շումախեր. Կյանքի օրենքները’

3195

Անցած տարվա ավարտին՝ դեկտեմբերի 29-ին, «Ֆորմուլա 1-ի» յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը Ալպերում դահուկ քշելիս գլխի ծանր վնասվածք էր ստացել, որի հետևանքով, ճիշտ է, չհաստատված տեղեկություններով՝ 45-ամյա գերմանացին ենթարկվել է գանգոսկրի մասնակի հեռացման վիրահատության: Այժմ բազմաթիվ պրոֆեսորներ կարծիք են հայտնում որ «Ֆորմուլա- 1»-ի լեգենդը կարող է երբեք կոմայից դուրս չգալ:

Esquire ամսագիրն ավտոարշավորդի հետ տեղի ունեցած պատահարից առաջ զրուցել էր նրա հետ՝ փորձելով պարզել Շումախերի կյանքի օրենքները:

«Վազքով զբաղվելը ինձ շատ ավելի մեծ հաճույք է պատճառում, քան մարդիկ կարող են պատկերացնել»:

«Բենզինը արյանս մեջ է: Հայրս աշխատում էր Քյոլնի մոտակայքում գտնվող քարտինգ-կենտրոնում, և երբ ես ընդամենը 4 տարեկան էի, նա որոշեց մրցավազք կազմակերպել ուղիղ մեր տան դիմաց»:

«Երբ 21 տարեկան էի, աշխատեցի առաջին մեծ գումարները: Ես պայուսակով կանխիկ ստացա բավականին մեծ գումար և այն պարզապես տվեցի հայրիկիս, քանի որ մեր ընտանիքը խրված էր պարտքերի մեջ: Հայրս այդ ժամանակ ինձ չհավատաց, մտածում էր, թե կատակում եմ»:

«Կան մարդիկ, ովքեր ծնվել են, որպեսզի հաղթեն, բայց դա ձանձրալի է. ես ծնվել եմ մրցելու համար»:

«Իմ խնդիրը մրցավազքերում հաղթելն էր, ոչ թե դրանք ավելի հետաքրքիր դարձնելը»:

«Երբ Աերտոն Սեննան (բրազիլացի լեգենդար ավտոարշավորդի մահվանից հետո նրա ամբողջ կարողությունը փոխանցվեց բարեգործության նպատակով) վթարի ենթարկվեց, ես որոշեցի, որ լավագույն բանը, ինչ կարող եմ անել՝ դա կտակ գրելն է: Հետո հասկացա, որ դա անելու համար պարտադիր չէ լինել «Ֆորմուլա 1-ի» ավտոարշավորդ»:

«Ես չգնացի Սեննայի հուղարկավորությանը: Պարզապես՝ կան բաներ, որ ես չեմ ցանկանում հրապարակային անել»:

«Ես մի օրենք ունեմ՝ վնասվածքից ապաքինվելուց հետո չվերհիշել այն»:

«Հիասթափվեցի լրագրողներից: Երբ մայրս մահացել էր, նրանք հսկողություն էին սահմանել մեր տան դիմաց, որպեսզի ինձնից մեկնաբանություն ստանան»:

«Կարեւոր չէ , թե ինչ սպորտ եք ընտրել, դուք պետք է կարողանաք հետեւել այն ամենին, ինչ տեղի է ունենում ձեր շուրջը: Ի դեպ, նույնը կարելի է ասել կյանքի մասին, բայց մարդկանց մեծ մասը կարողանում է ապրել առանց այս հմտության»:

«Ես չեմ ճանաչում գեթ մեկ մարդու, ում մոտ արագությունը չի ասոցացվում ազատության հետ»:

«Որևէ առանձահատուկ բան չկա մեքենան 300 կմ արագությամբ վարելու մեջ: Պարզապես կարևոր է, որ այդ ընթացքում հիմար մտքեր չայցելեն քեզ: Իրականում սովորական ճանապարհներին երթևեկելը ավելի վտանգավոր է, քան այն, ինչով ես էի զբաղվում»:

«Ադրենալինն ու արագությունը անհամատեղելի են: Շանսեր ունեն միայն նրանք, ովքեր հանգիստ են և սառնասիրտ»:

««Կենդանի լեգենդ»՝ սա ամենասարսափելի տիտղոսն է, որը փորձում են ինձ տալ»:

«Վախենում եմ ամբոխից: Երազանքս է միայնակ չմնալը»:

«Ամենամեծ բանը, ինչ կարող եք տալ երեխաներին, ձեր ժամանակն է»:

«Ոչ մի երևույթ տարիքի հետ ավելի հեշտ չի դառնում»:

«Ինչ-որ բանի հասնելուց հետո միշտ դատարկություն ես զգում: Եվ հենց դա է ստիպում լցվել հաղթելու նոր ցանկությամբ »:

«Մեծ հաղթողներ դառնում են միայն մեծ անհաջողակները»:

«Դու ռեկորդ ես խփում միայն նրա համար, որպեսզի ինչ-որ մեկն այն գերազանցի, իսկ եթե ոչ, ապա դու ինքնասիրահարված հիմար ես: Եվ եթե զայրանումս ես ընկերոջդ հաղթանակից, ուրեմն դու ընկերներ չունես»:

«Փոքր տարիքում ատում էի դպրոցը, և այժմ երևի թե ինձ համար ամենամեծ տանջանքը կլինի վերադառնալ այնտեղ և կրկին նստել գրասեղանի առջև»:

«Իմ եկամուտների մասին խոսակցություններն այնքան ուռճացված են, որ երբեմն սկսում եմ ինքս ինձ նախանձել»:

«Ամենավատը, ինչ կարող ես անել, ինքդ քեզ համեմատելն է ինչ-որ մեկի հետ»:

«Բոլորին կարելի է փոխարինող գտնել, նույնիսկ ինձ»:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 408.50 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘«Դ!եմ եմ»-ը պարզաբանում է քաղաքականացվել-չքաղաքականացվելու հարցը ‘