‘«Միկա-ցեմենտը» երկրորդ «Նաիրիտն» է դարձել. «Հրապարակ»’

1470

Հրազդանի «Միկա-ցեմենտ» ՓԲԸ-ում սպասողական վիճակ է: Աշխատակիցներին ասվել էր, որ երեկ պետք է վառվեն վառարանները, և ձեռնարկությունը կրկին կսկսի աշխատել, սակայն դա տեղի չունեցավ: Երկու օր առաջ ՎՏԲ բանկը բանվորներին է բաժանել նրանց ապրիլ ամսվա աշխատավարձը: Քիչ թե շատ կանոնավոր, թեև կցկտուր վճարումները կատարվեցին այն բանից հետո, երբ «Միկայի» բանվորությունը ամռանը բողոքի ակցիաներ սկսեց Հրազդանում: Այսօր «Միկա-ցեմենտը» երկրորդ «Նաիրիտն» է դարձել: Մոտ 300-400 մարդ պարապուրդի մեջ է, աշխատում է միայն գործերի կառավարչությունը:

 Դեռ, 5 ամսվա աշխատավարձի պարտքը վճարված չէ: Գործարանում պատմում են, որ 4 մարդ կաթված է ստացել աշխատավարձի սպասելիս, երկուսը մահացել են՝ չկարողանալով բուժվել, և որ այդ մահերը ձեռնարկության նախկին սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի խղճին են: Թե ինչու են իրենք աշխատավարձ ստանում ՎՏԲ բանկից, աշխատողները չեն հասկանում: Գործարանի ղեկավարությունը նրանց չի տեղեկացնում, թե ինչ է կատարվում գործարանի հետ, ինչպես մեր կառավարությունն անգետ վիճակում է պահում նաիրիտցիներին: Անջատված են բոլոր հեռախոսները, բացի կադրերի բաժնի քաղաքային հեռախոսահամարից: Տնօրինությունը վերակազմավորվել է: «Ես այլևս գլխավոր տնօրեն չեմ, ես կառավարչի տեղակալն եմ, իսկ կառավարիչն Արթուր Մուրադովն է»,- ասաց ՓԲԸ-ի արդեն նախկին ղեկավար Նաիրա Մարտիրոսյանը: Նա խուսափեց մեր հարցերին պատասխանելուց: Առհասարակ, և «Միկացեմենտի» կառավարչությունը, և ՎՏԲ բանկը գաղտնի գործելաոճ են որդեգրել, որը Հրազդանում տեղիք է տալիս տարատեսակ լուրերի:

Ըստ դրանց, գործարանը «վերցրել են» ռուսները: 2012 թվականին իրեն սնանկ հայտարարած «Միկա-ցեմենտը» գրավադրվել է ՎՏԲ բանկում մոտ 20 մլն դոլար վարկի փոխարեն: Վերջինս էլ, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, վաճառել է գործարանը Ռուսաստանում աշխատող հայ բիզնեսմենների, սակայն հետագայում բանկը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց, որ գործարանը վաճառվել է: Մեր տեղեկություններով, նոր տերերը, որոնք ուղղակի կապ ունեն ՎՏԲ բանկի հետ, ուսումնասիրություն կատարելով, հայտարարել են, որ ի վիճակի չեն մարելու «Միկա-ցեմենտի» պարտքերը: ՎՏԲ բանկում չհերքեցին, որ աշխատավարձ են վճարում «Միկա-ցեմենտի» աշխատակիցներին, սակայն հրաժարվեցին օպերատիվ կարգով մեր հարցերին պատասխանելուց՝ գրավոր հարցում պահանջելով:

Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Մերկելը կասկածում է Պուտինի և Պոռոշենկոյի հանդիպման հաջողությանը’
Հաջորդ հոդվածը‘«Գոմեշի մսի» գործը դատարանում է. 5-ից մեղադրյալի աթոռին նստած է մեկը. «Ժողովուրդ»’