‘Միհրան Հարությունյան. Ցանկանում եմ բոլորին ցույց տալ, որ իմ քաշային կարգում առաջինն եմ’

965

Կրասնոդարում մայիսի 17-ին տեղի կունենա «Չեմպիոններ գավաթ» ըմբշամարտի մրցաշարը, որը կազմակերպել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Ստեփան Մարյանյանը: Մրցաշարին մասնակցելու են բազամաթիվ հայտնի ըմբիշներ, այդ թվում՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը: Հայ մարզիկը հարցազրույց է տվել ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքին, որը ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը: 

-Ինչու՞ որոշեցիր մասնակցել այս մրցաշարին:
-Ինչ-որ բանից պետք էր սկսել: Առաջարկը եղավ իմ ընկեր Ստեփան Մարյանյանից և ընդունեցի մեծ սիրով: 

-100 տոկոսով հե՞տ ես եկել ըմբշամարտ, թե՞ համատեղելու ես MMA-ի հետ:
-Այս պահին գորգում եմ, բայց կհամատեղեմ, քանի որ մեծ ցանկություն և հավանականություն կա, որ հուլիսի 6-ին Երևանում հանդես կգամ հայ երկրպագուների համար MMA-ի շրջանակում:

— Ռիո-2016-ից հետո բաց ես թողել Հայաստանի բոլոր առաջնությունները և կորցրել տեղդ թիմի կազմում:

-Տեղը հավաքականի կազմում ինձ ոչ մեկ նվեր չի տվել կամ ամրագարել, ես այն նվաճել եմ իմ մրցելույթներով: Այս անգամ էլ ոչ մի նվեր չեմ սպասում: Կապացուցեմ, որ լավագույնն եմ և այդ տեղն իմն է: Եթե, իհարկե, ոչ ոք մութ խաղեր չխաղա:

-Հնարավոր է նոյեմբերին անցկացվի Հայաստանի առաջնություն: Կմասնակցե՞ս, և եթե այո, ապա որ քաշային կարգում:
-Ամեն ինչ կախված է նրանից՝ ինչ կտա ինձ Հայաստանի առաջնությունը, եթե դա կլինի Օլիմպիական խաղերի համար՝ կմասնակցեմ: Վաղուց նպատակ չունեմ դառնալ Հայաստանի չեմպիոն: Մտածում եմ, որ Հայաստանում վաղուց բոլորին ապացուցել եմ ամեն ինչ, բայց եթե դա Օլիմպիական խաղերի համար անհրաժեշտ կլինի, ապա այնտեղ կլինեմ: Հանդես եմ գալու 67 կգ քաշային կարգում, ոչինչ չի փոխվել:

Նախորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ն վստահեցրել է, որ Մխիթարյանը Բաքու այցելելու խնդիր չի ունենա’
Հաջորդ հոդվածը‘Մադրիդ․ Նադալն ուժեղ էր Վավրինկայից՝ 6:1, 6:2’