‘Մինչեւ ՄՄ բանակցությունների ավարտը Սերժ Սարգսյանը անդամակցության առավելությունների մասին չի խոսի’

822

Մինչեւ Մաքսային միությանն անդամակցության վերաբերյալ բանակցությունների ավարտը Սերժ Սարգսյանը նպատակահարմար չի համարում խոսել անդամակցության առավելությունների և հնարավորությունների մասին: Այդ մասին Սարգսյանը հայտարարել է այսօր բնապահպանության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:

«Ակնհայտ է, որ իմ այս խոսքերը մեր հասարակության տարբեր շերտեր կարող են տարբեր կերպ մեկնաբանել և նորից ասել՝ գաղտնի բանակցություններ են վարում: Այնուհետև գալու են ասեն՝ այդ դեպքում մեր կարծիքը ի՞նչ նշանակություն ունի և այլն: Մի անգամ էլ պետք է ասեմ, որ աշխարհում չկա որևէ բանակցություն, որի մանրամասները քննարկվեն հասարակության բոլոր խավերի հետ», — ասել է Սարգսյանը:

Նա դրական է համարել նաեւ դեկտեմբորի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կատարած այցի արդյունքները:

«Ունենք պայմանագրեր, որոնք ստորագրվեցին և որոնք դարձան հանրության լայն շրջանակների սեփականությունը: Մենք դրա մասին ենք խոսում: Այցը, ձեռքբերված պայմանավորվածությունները, իրոք, շատ մեծ հնարավորություններ են ստեղծում. հնարավորություններ տնտեսության ոլորտում և շատ ավելի սերտ համագործակցության հնարավորություններ անվտանգության ոլորտում: Տնտեսության մեջ, կարծում եմ, էներգետիկայի ոլորտը, արդյունաբերության, ավելի որոշակի՝ ոսկերչության, ադամանդագործության, քիմիական արդյունաբերության և այլն, պայմանավորվածությունները շատ-շատ են, և հնարավորությունները մեծանում են: Գյուղատնտեսության ոլորտում ևս շատ մեծ հնարավորություններ են բացվում: Միայն 2013 թվականին մենք ՌԴ արտահանումն ավելացրել ենք 25 տոկոսով՝ մեկ քառորդով: Դա շատ մեծ թիվ է: Բայց մեկ բան հստակ պետք է հասկանանք, որ ռուսները չեն գալու մեր փոխարեն աշխատեն: Այդ հնարավորությունները մենք պետք է կարողանանք իրականություն դարձնել, մենք պետք է կարողանանք ավելի կազմակերպված աշխատել, կարողանանք արդյունքներ ստանալ: Եթե մենք չկարողացանք՝ մեզ կարող են օգնել, կարող են օժանդակել, բայց որևէ մեկը մեր փոխարեն չի աշխատելու: Սա պետք է հստակ գիտակցենք»,- President.am-ի փոխանցմամբ, ասել է Սերժ Սարգսյանը:

 

Նախորդ հոդվածը‘Եկող տարի Շվեյցարիան կաջակցի հակամարտությունների կարգավորմանը’
Հաջորդ հոդվածը‘Ի դեմս Յանուկովիչի՝ Տիմոշենկոն տեսնում է նոր Ստալինի’