‘Մինչև նոյեմբերի 17-ը Վրաստանի քաղաքացիություն կտրամադրվի դիմած արտասահմանցի բոլոր քաղաքացիներին’

1194

Վրաստանի նախագահի աշխատակազմը այսօր հրապարակել է փաստաթղթերի ցուցակը,  որոնք անհրաժեշտ են Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար: Չափահաս արտասահմանյան քաղաքացին Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար պետք է ունենա միայն իր երկրի անձնագիրը և դրա  թարգմանությունը՝ նոտարական վավերացմամբ: Սա նախագահի պաշտոնից հեռացող նախագահ Սաակաշվիլիի  վերջին նախաձեռնություններից մեկն է:

Վրաստանի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահը շատ սեղմ ժամկետներում կքննի դիմումները և կստորագրի հայտը: Ընդ որում՝ Վրաստանի քաղաքացիություն ստանալ ցանկացողներին նախագահի աշխատակազմից  շտապեցնում են  քաղաքացիության համար դիմել մինչև նախագահ Սաակաշվիլիի լիազորության ժամկետի ավարտը՝ նոյեմբերի 17-ը:

Վրաստանի նախագահն իր այդ քայլը բացատրել է երկրի տնտեսությունը բարելավելու նկատառումներով: Նրա խոսքով՝ Վրաստանի քաղաքացիություն ստանալ ցանկացողների մեջ կան գործարարներ, որոնք արդեն երկար ժամանակ է՝ աշխատում են Վրաստանում, և Վրաստանի քաղաքացու կարգավիճակում նրանք ավելի եռանդուն կաշխատեն և ավելի շատ ներդրումներ կկատարեն:

Սաակաշվիլին նաև նշել է, որ նախկինում քաղաքացիության հարցերով զբաղվում էր արդարադատության նախարարությունը, և շատ մարդիկ անհասկանալի պատճառներով մերժվում էին, իսկ այժմ ինքն անձամբ է որոշել զբաղվել այդ հարցով:

Նշենք, որ մինչ այս որոշման ընդունումը Սաակաշվիլին Թուրքիայի՝ ծագումով վրացի  երկու հազար բնակիչների արդեն շնորհել էր Վրաստանի քաղաքացիություն:  Վրացական լրատվամիջողները հայտնում են, որ Վրաստանի նախագահի նստավայրի մոտ, որտեղ ընդունվում են քաղաքացիություն ստանալու դիմումները,  արդեն երկար հերթ է գոյացել: Դիմումատուների մեծամասնությունը հետխորհրդային երկրներից է, այդ թվում՝ Վրաստանի անմիջական հարևան երկրներից՝ Հայաստանից և Ադրբեջանից, հայտնում է BBC-ին: Քիչ չեն նաև դիմողերը Միջին Ասիայից, Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից:

Միևնույն ժամանակ, Վրաստանի նոր իշխանությունները՝ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի թիմի անդամներն անհանգստացած են Վրաստան ժամանող արտասահմանցիների հոսքի կապակցությամբ, մոտակա ժամանակներս երկրի խորհրդարանը մտադիր է քննարկել վիզային օրենսդրության մեջ խստացումներ մտցնելու հարցը:

«Մենք ունենք ծայրահեղ լիբերալ վիզային ռեժիմ: 118 երկրների քաղաքացիներ կարող էին առանց վիզայի առկայության 360 օր գտնվել Վրաստանում: Իսկ մյուսները կարող էին վիզա ստանալ միանգամից օդանավակայանում: Այդ կարգը կփոխվի»,- հայտարարել է արդարադատության նախարար Ալեքսանդր Բարամիձեն:

 

Նախորդ հոդվածը‘Միլիարդատեր Ջորջ Սորոսը 1 միլիոն դոլար է նվիրաբերել Սիրիայի կարիքավորներին’
Հաջորդ հոդվածը‘Մարգվելաշվիլի. Վիլնյուսի գագաթնաժողովից հետո մեզ մեկ տարվա տքնաջան աշխատանք է սպասվում’