‘Մինչև փետրվարի 25-ը նաիրիտցիներին կվճարվի ևս մեկ ամսվա աշխատավարձ. Նախարար’

817

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, փետրվարի 2-ին հանդիպել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ աշխատակիցների հետ: Ինչպես ասվում է նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ, նախարարը ներկայացրել է աշխատավարձերի վճարման ու  պարտքի մարման  վերաբերյալ տեղեկատվությունն ու խնդրի լուծման համար իրականացվող քայլերը: Նա  նշել է, որ ԱՊՀ Միջպետական Բանկի հետ շարունակվում են աշխատանքները «Նաիրիտ» գործարանի գույքը գրավից հանելու համար, որից հետո, հետագա գործարկման ընթացքում, գործարանին ոչ պիտանի գույքը կիրացվի:  Այդ կերպ հնարավոր կլինի  աշխատավարձի պարտքի մարման խնդիրն ավելի արագ կարգավորել: Նախարարի խոսքով, քանի որ այդ գործընթացը բավական ժամանակատար է, ստեղծվել է «Նարիրտի» աշխատակիցներից կազմված աշխատանքային խումբ, որն արդեն ցուցակագրել է գրավի տակ չգտնվող գույքը և փորձելու է կարճ ժամկետում կազմակերպել դրա իրացումը: Նախարարը վստահեցրել է, որ իրացումից գոյացած գումարներն ուղղվելու են «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձի պարտքի  մարմանը, որն ի դեպ, վերջնահաշվարկի հետ միասին, կազմում է մոտ 15 մլն. դոլար, կամ 7,2 մլրդ դրամ: Այդ պարտքն ամբողջությամբ պետք է վճարվի: 

Ձեր աշխատավարձի պարտքի մարման խնդիրն անհանգստացում է բոլորիս:  Կա հանրապետության նախագահի հանձնարարականը, որ այդ հարցը լուծվի հնարավորին սեղմ ժամկետում,- ասել է Երվանդ Զախարյանը:- «Նաիրիտի» աշխատակիցներից կազմված աշխատանքային խումբը պատրաստել է  այն ապրանքների ցանկը, որոնք մինչև ընդհանուր գույքը գրավից հանելը հնարավոր կլինի իրացնել: Բայց այդ գործընթացը ևս ժամանակ է  պահանջում, քանի որ ցանկալի է, որ այդ գույքը իրացվի ոչ որպես ջարդոն: Նախարար Երվանդ Զախարյանը նշել է, որ, այդ ամենը հաշվի առնելով, մինչև փետրվարի 25-ը նաիրիտցիներին կվճարվի ևս մեկ ամսվա աշխատավարձ:

Նախորդ հոդվածը‘Moody’s-ից հետո Fitch–ը ևս իջեցրել է Հայաստանի վարկանիշը’
Հաջորդ հոդվածը‘2013 թ. չգործող ընկերությունը` խոշոր հարկատուների ցանկի 11–րդ հորիզոնականում’