‘Մինչև 2060 թվականը Հայաստանում չի ծնվելու 93 հազար ապագա մայր ‘

953

Այսօր ԵԱՀԿ գրասենյակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահի գենդերային հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջուն Զեյթլինը, անդրադառնալով Հայաստանի խորհրդարանում և տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներկայացվածությանը`նշեց, որ գոյություն ունի միջազգային ստանդարտ, ըստ որի՝ նախատեսվում է կանանց 30 տոկոս ներկայացվածություն խորհրդարանում, և թեպետ Հայաստանում որոշ դրական քայլեր կատարվել են, նրանց մասնակցությունը խորհրդարանում 10 տոկոսից մի քիչ է ավելի:

Տիկին Զեյթլինն ընդգծեց նաև ընտանեկան բռնության դեմ պայքարի և  գենդերային հավասարության կարևորությունը:

iLur.am-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք գենդերային հավասարության տեսակետից կարևոր չեն նաև  պտղի սեռով պայմանավորված՝ հղիության արհեստական ընդհատման դեպքերի մտահոգող ծավալները, և իրավիճակն ինչպիսի՞ն է Հարավային Կովկասի տարածաշրջանում, ու ըստ ԵԱՀԿ-ի՝ որն է այդ խնդրի լուծումը: Մեր այդ հարցին պատասխանեց մյուս բանախոսը՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Վերջինս պարզաբանեց, որ սեռով պայմանավորված արհեստական վիժումների հարցը Հայաստանում արդիական է, վերջին երկու տարիներին իրականացված հետազոտություններով ունեն բավականին խորը ու համապարփակ տվյալներ, որոնց հիման վրա կարելի է որոշակի հետևություններ անել: Գարիկ Հայրապետյանը նշեց, որ 2012թ. տվյալներով՝ միջին ցուցանիշը եղել է 114 տղա — 100 աղջիկ հարաբերակցությամբ, և այդ ցուցանիշով Հայաստանը գտնվում է աշխարհում երրորդ տեղում՝  Չինաստանից և Ադրբեջանից հետո, իսկ հայաստանյան որոշ մարզերի՝ Գեղարքունիքի և Արագածոտնի ցուցանիշներով, որտեղ 124 տղա-100 աղջիկ հարաբերակցությունն է, Հայաստանը ռեկորդակիր է աշխարհում:

Հայաստանում արու զավակ ունենալու ցանկությունը միջին հաշվով մեծ է վեց անգամ՝ 10 անգամ՝ շրջաններում, չորս անգամ՝ Երևանում :

ՄԱԿ-ի բնակչության հարցերով հայաստանյան ներկայացուցիչը նաև նշեց, որ փորձում են Ադրբեջանի և Վրաստանի հետ համատեղ աշխատել, որպեսզի հասկանան, թե երեք երկրներում սեռով պայմանավորված հղիության ընդհատման պատճառներն ու հետևանքները որքանով են իրար նման, կամ ինչով են իրարից տարբերվում:

Գարիկ Հայրապետյանը հայտարարեց, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը օժանդակել է կառավարությանը՝ տրամադրելով հավաքագրված տվյալներ այս խնդրի առնչությամբ, և այժմ կառավարությունը փորձում է որոշակի քաղաքականություն մշակել, որպեսզի կարողանան մեղմել այդ խնդիրը, քանի որ հակառակ դեպքում դրանք կշարունակեն մնալ մտահոգիչ: Բանախոսը նշեց նաեւ, որ իրենց վերջին հետազոտությունների կանխատեսումների համաձայն՝ մինչև 2060 թ. չի ծնվելու 93 հազար ապագա մայր ՝ հղիության արհեստական ընդհատման պատճառով:

Մեր կողմից ավելացնենք, որ կատարված հետազոտությունները պարզել են, որ վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի շուրջ 90 հազար վերարտադրողական տարիքի կանանցից մոտ 7200-ը կանխել են հատկապես աղջիկ երեխաների ծնունդը հղիության արհեստական ընդհատման միջոցով:

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել վենեսուելացի երեք դիվանագետների’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանն անօդաչու սարքեր կարտահանի Դանիա’