‘Մինսկի խմբի եռանախագահները կոչ են անում խաղաղության պատրաստել հասարակություններին ‘

1115

Դուբլինում ընթացող ԵԱՀԿ նախարարների խորհրդի հանդիպման ընթացքում ԼՂ հակամարտության կարգավորման Մինսկի խմբի եռանախագահ երկրների ներկայացուցիչներ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Ֆրսնաիայի ԱԳ փոխնախարար Բերնար Կազանյովը հայտարարությունն են տարածել որում ասվում է.

«Դուբլինում ԵԱՀԿ-ի Նախարարների խորհրդի հանդիպման առիթով մենք՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարներս, կոչ ենք անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ  քաղաքական կամք դրսեւորել: Ինչպես մեր նախագահներն էին հայտարարել հունիսի 18-ին Լոս Կաբոսում, կողմերը պետք է առաջնորդվեն Հելսինկյան սկզբունքներով, մասնավորապես այն սկզբունքներով, որոնք վերաբերում են ուժի չկիրառմանը կամ ուժի կիրառման սպառնալիքին, տարածքային ամբողջականությանը, ժողովուրդների հավասարության եւ ինքնորոշման իրավունքին:

Հիշեցնելով 2011-ին նախագահների՝ Դովիլում արած հայտարարությունը մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում կողմերին՝ վճռորոշ քայլեր ձեռնարկել խաղաղ կարգավորման հասնելու համար»:

Հայտարարության հեղինակներն իրենց ափսոսանքն են հայտնում, որ 2012-ի հունվարի 23-ին Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և ՌԴ նախագահի նախանշած՝ ավելի կտրուկ զարգացումը խաղաղության գործընթացում չի կայացել:

Նկատի ունենալով վերջին ամիսների հրադադարի խախտումները ՝ կողմերին կոչ է արվել  շարունակել հարգել 1994-ի հրադադարը:

«Կողմերի ղեկավարները պետք է իրենց հասարակությունները նախապատրաստեն այն օրվան, երբ նրանք նորից հարեւանների և ոչ թե թշնամիների պես կապրեն՝ լիովին հարգելով միմյանց մշակույթները, պատմությունն ու ավանդույթները», — ասված է հայտարարության մեջ:

Եռանախագահ երկրների ԱԳ նախարարներն իրենց պատրաստակամությունն են հայտնել անել ամեն հնարավորը՝ կողմերին սատարելու համար, եւ ողջունել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների՝ 2013-ին համանախագահների հետ համատեղ հանդիպումներ ունենալու պատրաստակամությունը:
 

 

Նախորդ հոդվածը‘Էդվարդ ՆԱլբանդյան. Երբ ասում ենք՝ Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններ ունենք, դրանով ամեն ինչ ասված Է:’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսի իշխանությունները պահանջում են անհապաղ դադարեցնել նստացույցը ‘