‘Մինսկի խումբ. զուգահեռ մեխանիզմներ ստեղծելու փորձերը կարող են խախտել բանակցային գործընթացը’

1183

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ: (Թարգմանությունը` iLur.am-ի):

«Ի պատասխան ԵԽԽՎ-ում քննարկվող բանաձեւի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբին ուղղված հարցերի, մենք ի գիտություն ենք ընդունում այն ուշադրությունը, որ ԵԽԽՎ-ն դարձնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Մենք կիսում ենք բանաձեւում հայտնված այն մտահոգությունը, որը վերաբերվում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի ու շփման գծի երկայնքով աճող լարվածությանը: Մենք խորապես ցավում ենք մարդկանց մահվան, այդ թվում քաղաքացիական անձանց մահվան համար:

Մենք համամիտ ենք, որ հակամարտությունը շատ երկար է տեւում: Կողմերը պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները` խաղաղ կարգավորումն արագացնելու համար:  

Մենք համոզված ենք, որ բանակցությունների հիման վրա կարգավորման հասնելու միջոցները պետք է հիմնված լինեն կողմերի միջեւ փոխհամաձայնության վրա` ինչպես նշվում է Ֆրանսիայի, ՌԴ եւ ԱՄՆ նախագահների համատեղ հայտարարության մեջ:

Համանախագահները շարունակելու են կողմերին օժանդակություն ցուցաբերել` հաշվի առնելով ԵԱՀԿ-ի կողմից հաստատված մանդատը: ԵԱՀԿ մանդատի համաձայն, մեր խնդիրն է աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը, եւ մասնավորապես, համապարփակ խաղաղության հասնելու համար ընթացող բանակությունների դյուրացմանը: Մենք ոչ դատավորներ ենք, ոչ էլ` կոնկրետ կողմի համար փաստաբաններ:

Կան հակամարտության կարգավորման համար նոր բանակցային ֆորմատներ եւ աշխատանքային խմբեր ստեղծելու առաջարկություններ: Համարում ենք, որ Մինսկի խմբի շրջանակներում կա միջնորդության յուրահատուկ փորձ: Մինսկի խմբի ձեւաչափն ընդունելի է կողմերի համար, եւ ունի ԵԱՀԿ անդամ բոլոր պետությունների վստահությունը:

Հաշվի առնելով բանակցությունների զգայունությունը` ֆորմատը փոխելու եւ զուգահեռ մեխանիզմներ ստեղծելու փորձերը կարող են խաթարել բանակցային գործընթացը, եւ խոչընդոտել կարգավորմանն ուղղված առաջընթացին: Միեւնույն ժամանակ, մենք պատրաստ ենք համագործակցել այն բոլոր միջազգային կազմակերպութունների հետ, որոնք շահագրգռվածություն են ցուցաբերում հակամարտության կայուն եւ արդար կարգավորման հարցում»:

 

Նախորդ հոդվածը‘Ի՞նչ են նախկին կենվորներն ամենից հաճախ «գողանում» հյուրանոցներից’
Հաջորդ հոդվածը’37 մահացած, ավելի քան 180 վիրավոր. Կրկնակի պայթյուն Բեյրութում’