Մինսկում գործ են հարուցել NEXTA-ի ներկայացուցիչների դեմ

514

Բելառուսի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել երկրի գերագույն դատարանի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված NEXTA-ի ներկայացուցիչների դեմ՝ այդ կազմակերությունն ստեղծելու և դրա գործունեությունը ղեկավարելու համար, հաղորդել է БелТА գործակալությունը՝ հղում անելով հանրապետության ՔԿ-ին։

Հետաքննության տվյալներով՝ 2020 թվականից մեղադրյալները իրենց տեղեկատվական ռեսուրսներն օգտագործել են «Բելառուսի տարածքում իրավիճակը սրելու և, այսպես կոչված՝  բողոքի ակցիաները արմատականացնելու համար»։ «Վերոհիշյալ ահաբեկիչները բազմիցս սոցիալական թշնամանքը և երկպառակությունը թեժացնելու, ճանապարհները արգելափակելու և փողոցային անկարգությունները համակարգելու, երկաթուղում, ձեռնարկություններում ահաբեկչական գործողություններ իրականացնելու կոչեր են արել, որոնք կարող էին հանգեցնել տեխնածին աղետների»,- տեղեկացնում է ՔԿ-ն։

NEXTA-ի հիմնադիրներից մեկը՝ Ստեպան Պուտիլոն, Բելառուսի ՊԱԿ-ի կողմից ընդգրկվել է ահաբեկչական գործունեությամբ զբաղվողների ցուցակում, նրա դեմ քրեական գործ է հարուցվել երկրի ՔՕ մի քանի հոդվածով։ Բելառուսի իշխանությունները դիմել են Լեհաստանի իրավասու մարմիններին՝ Պուտիլոյին հանձնելու խնդրանքով, սակայն մերժում են ստացել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹաթուլ Հակոբյանը՝ Անդրանիկ Միհրանյանի մասին
Հաջորդ հոդվածըՀետախուզությունը հաղորդել է «ռուսաստանցի նեոնացիստների» մասին