‘ՄԻՊ. Առողջապահության նախարարության թողտվությամբ հիվանդանոցներում հավելյալ գումար են գանձում’

907

Երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագրի hամաձայն՝  մինչև 7 տարեկան երեխաների բուժօգնությունն անվճար է, մինչդեռ, ծնողները, ունենալով անվճար բուժօգնության համար անհրաժեշտ փաստաթուղթ, հաճախ ստիպված են լինում հավելյալ վճարումներ կատարել առանձին բժիշկների:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացանք, որ ՄԻՊ գրասենյակը շարունակում է դիմում-բողոքներ ստանալ նմանատիպ խախտումների վերաբերյալ, հատկապես՝ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի դեմ:

Այս մասին Պաշտպանը պաշտոնապես տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարին, սակայն, որևէ հստակ պատասխան չի ստացել, թե արդյոք իրավախախտները ենթարկվել են պատասխանատվության, թե ոչ:

«Առողջապահության նախարարության թողտվության պայմաններում  ծնողներից հավելյալ վճարումներ են գանձվում»,- նշում է Կարեն Անդրեասյանը  և մեկ անգամ ևս հիշեցնում, որ հավաստագիրը հանդիսանում է հիվանդանոցային հաստատության կողմից մատուցվող անվճար բժշկական ծառայությունների կազմակերպման հիմք: Այն պոլիկլինիկայի ուղեգրի և ծննդյան վկայականի հետ միասին ներկայացվում է երեխայի հիվանդանոցային բուժօգնությունը իրականացնող բուժհաստատություն, իսկ անհետաձգելի օգնություն պահանջող  դեպքերում հոսպիտալացումը կարող է իրականացվել բժշկի եզրակացության հիման վրա:

Պաշտպանը կոչ է անում  քաղաքացիներին նման խնդրի հանդիպելիս  դիմել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, իսկ Առողջապահության նախարարությանը հորդորում է իրագործել «Երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագրի ներդրման մասին» հրամանի դրույթներն   ու լիարժեք ապահովել երեխաների անվճար բուժօգնության իրավունքը:

 

 

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը. Ֆրանցիսկոս պապը օդանավում շփվում է լրագրողների հետ’
Հաջորդ հոդվածը‘Հենրիկ Նավասարդյանը չի ուզում հրաժարվել պաշտոնից. «Ես ոչ մեկին չեմ հայհոյել»’