‘ՄԻՊ արագ արձագանքման խումբն այցելել է Նուբարաշենի ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած բանտարկյալներին’

1564

«Երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ այցելած Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները հացադուլ հայտարարած մի քանի դատապարտյալներից ու կալանավորներից Պաշտպանին ուղղված 3 դիմում են ստացել: Կալանավորներից մեկին` Արթուր Խաչատրյանին, տեսնել չի հաջողվել, քանի որ նա այդ պահին գտնվում էր դատական նիստի»: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց ՄԻՊ խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը:

Ըստ նրա՝ դիմումներից մեկի համաձայն՝ դատապարտյալ Կարեն Թառոյանը խնդրում է Պաշտպանի միջամտությունը, որ իրեն տեղափոխեն «Սևան» կամ «Հրազդան» ՔՀԿ-ներից որևէ մեկը, քանի որ նրա ընտանիքը (կինը և անչափահաս երեխան) գտնվում է սոցիալապես անապահով վիճակում և չի կարող վերջինիս տեսակցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: 

Կալանավոր Վարդան Դեմիրճյանն էլ իր դիմումով հայտնել է, որ տառապում է հոգեկան հիվանդությամբ և խնդրում է Պաշտպանի միջամտությունը, որ իրեն տեղափոխեն դատապարտյալների հիվանդանոց կամ տեղում համապատասխան բուժօգնություն ցուցաբերեն: 

ՄԻՊ խոսնակը տեղեկացրեց նաև, որ արագ արձագանքման բաժնի աշխատակիցներն արձանագրել են, որ Դեմիրճյանի ձեռքերի վրա կան վնասվածքներ, ինչի կապակցությամբ կալանավորը հայտնել է, որ նա ինքնավնասման միջոցով արտահայտել է իր բողոքը: Իսկ դատապարտյալ Սերոբ Մխիթարյանը խնդրել է Պաշտպանի միջամտությունը այլ խուց տեղափոխվելու հարցում, քանի որ վախենում է, թե այն խցում, որտեղ կրում է իր պատիժը, իրեն վտանգ է սպառնում: 

Ստացված գրությունների միջոցով ՄԻՊ-ն արդարադատության նախարարությունից պետք է պարզի բողոքների իսկությունը: 

Հիշեցնենք, որ Նուբարաշենի ՔԿՀ-ում մի քանի բանտարկյալներ հացադուլ էին հայտարարել՝ բողոքելով այնտեղ տիրող վատ պայմաններից, նրանցից մեկը նույնիսկ իր կտրած ճկույթն էր ուղարկել լրատվամիջոցներից մեկի խմբագրություն՝ ապացուցելու համար իրավիճակի լրջությունը: 

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՄԻՊ-ն արձագանքել է նաև երեկ Վանաձորի ՔԿՀ-ում սկսած զանգվածային հացադուլին՝ Նաիրա Կարմիրշալյանն ասաց, որ երեկ ահազանգի հետքերով իրենց աշխատակիցը շտապել է նաև Վանաձորի ՔԿՀ, որտեղ պարզ է դարձել, որ զանգվածային հացադուլի փաստ չկա, կա միայն մեկ հացադուլավոր, ով հացադուլի նստել է ոչ թե երեկվանից, այլ ավելի վաղ: 

Նախորդ հոդվածը‘Եկեղեցին չի՞ կազմակերպի հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգիստ ‘
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլան «Բարսելոնայից» հեռացել էր 4 ֆուտբոլիստի պատճառով’