‘ՄԻՊ-ը ահազանգում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատերի սառնության, խոնավության, խցերի գարշահոտության մասին ‘

1218

Հերթական մշտադիտարկման շրջանակներում Խոշտանգումների և բռնությունների կանխարգելման բաժնի աշխատակիցները և Պաշտպանին առընթեր ստեղծված Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի անդամներից ստեղծված աշխատանքային խումբը այցելել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ ծանոթացել էր քրեակատարողական հիմնարկի պահման վայրերին, առանձնազրույցներ ունեցել դատապարտյալների հետ, լսել նրանց բողոքները: 

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անբավարար պայմանների մասին առաջինը վկայում էին պատերի սառնությունն ու խոնավությունը ու դրանցից առաջացած գարշահոտությունը, որը թե հիմնարկի անձնակազմի և թե դատապարտյալների առողջության համար խիստ վտանգավոր պայմաններ է ստեղծում: 

Քրեակատարողական հիմնարկում կարևորագույն խնդիրներից է գերբնակեցումը: Ըստ լրակազմի` նախատեսված է 840 պահման տեղեր, սակայն այցելության պահին պահվում էր 1184 ազատազրկված: 

Բոլոր խցերը հիմնականում նուն մեծության են, սակայն աշխատանքային խումբն արձանագրել էր, որ 8 հոգու համար նախատեսված որոշ խցերում ապրում են 3 հոգի, իսկ մյուս նմանատիպ խցերում մինչև 18 հոգի: 

Արձանագրած հաջորդ խնդիրը դատապարտյալների պահման պայմաններն էին: Բացառությամբ մի քանի խցերի, մյուս բոլոր խցերը խոնավ էին ու հակահիգենիկ և վերանորոգման կարիք ունեին, սանհանգույցները նույնպես անմխիթար վիճակում էին: 

Աշխատանքային խումբը արձանագրել է նաև, որ առավոտյան նախաճաշից օրինակ 17 հոգուց բաղկացած խցում օգտվում են միայն երեքը. սնդդի վատ որակը դատապարտյալների մշտական բողոքների թվում է եղել: 

Դատապարտյալները հիմնականում օգտվում են դրսից ուղարկված հանձնունքներից: Բավական վատ պայմաններում է պահվում նաև կալանավորների համար նախատեսված սնունդը: 

Իսկ քրեակատարողական հիմնարկի հիվանդանոցում պայմանները վերանորոգումից հետո բարելավվել էին, սանիտարահիգիենիկ վիճակը բավարար էր: Սակայն դատապարտյալները հայտնել են, որ անհրաժեշտ բոլոր դեղամիջոցները ստանում են հարազատներից: Աշխատանքային խումբը պարզել է նաև, որ բժշկական քարտերում չեն փաստագրվում ազատազրկվածի կողմից հրավիրված բժշկի խորհրդատվությունը և հարազատների միջոցով ձեռքբերված դեղորայքը: 

Դատապարտյալների հետ առանձնազրույցի ընթացքում աշխատանքային խումբը արձանագրել է նաև, որ զբոսանքները կատարվում են որոշակի օրերի, իսկ կիրակի օրը ընդհանրապես զբոսանք չի լինում: Վարչակազմը այս խնդրի կապակցությամբ հայտնել է, որ զբոսանքների ամենօրյա կազմակերպումը կապված է աշխատակիցների ոչ բավարար քանակի հետ:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդինյոյի կարիերայի լավագույն գոլը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանություն. ՀՀ ընտրողների ռեգիստրից հանվել են շուրջ 1541 մահացածի անհատական տվյալներ’